Արա Զոհրաբյան. Առաջարկվող նախագծի նպատակն է լրացուցիչ հարկեր հավաքել նաև փաստաբաններից
ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանական գործունեությունը հանվում է շրջանառության հարկով հարկման ռեժիմի դաշտից և մտնում շահութահարկով (այդ թվում՝ ԱԱՀ) հարկման ռեժիմի դաշտ։ Այս ամենը բերելու է նաև երաշխավորված իրավաբանական օգնություն հանդիսացող ծառայությունների արժեքի բարձրացման։ Այս նախագծի մասին ահազանգում են փաստաբանները։
Առաջարկվող նախագծի ու դրա հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է փաստաբան Արա Զոհրաբյանի հետ։
Panorama.am-Մշակվել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որով փաստաբանական գործունեությունը մտնում է շահութահարկով հարկման ռեժիմի դաշտ։ Ինչպե՞ս կգնահատեք այս նախագիծը, ինչպե՞ս է դա հիմնավորվում նախագծի հեղինակների կողմից և արդյո՞ք այդ հիմնավորումը բավարարում է Ձեզ։
Արա Զոհրաբյան-Նշված նախագիծը գնահատում եմ խիստ բացասական: Նշված նախագծում որևէ հիմնավորում առկա չէ, թե ինչու է փաստաբանական գործունեության հարկային ռեժիմը փոխվում՝ խստացվում: Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատին՝ ի խախտումն ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի:
Panorama.am- Ըստ Ձեզ, ո՞րն է այդ փոփոխության հիմնական նպատակը։
Արա Զոհրաբյան- Իմ կարծիքով, լրացուցիչ հարկեր հավաքել նաև փաստաբաններից: Ընդ որում, նախագծով շրջանառության հարկ վճարող այլ տնտեսավարողների հարկային դրույքաչափերն էլ են ավելացվելու:
Panorama.am- Այս փոփոխությունն ինչ է ենթադրում՝ հարկային բեռի ավելացո՞ւմ։
Արա Զոհրաբյան-Նախագծի ընդունման դեպքում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փաստաբանական գրասենյակները 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարելու են նաև՝ 1) 20 տոկոս ավելացված արժեքի հարկ՝ շրջանառությունից. 2) 18 տոկոս շահութահարկ՝ համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունից.
Panorama.am- Արդյո՞ք դրա պատճառով նաև իրավաբանական օգնություն հանդիսացող ծառայություննեի արժեքը կբարձրանա։ Եթե այո, փաստորեն, կտուժի քաղաքացին, կխուսափի դիմել փաստաբանի ծառայությանը։
Արա Զոհրաբյան- Բնական է, որ հարկերի այս չափերի ավելացման պարագայում, փաստաբանները թանկացնելու են իրենց ծառայությունների գները, ինչի արդյունքում տուժելու են քաղաքացիները: Վստահ եմ, որ հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունն էլ է ավելանալու: Եթե վճարունակության խնդիր ունեցող որոշ քաղաքացիներ կարողանում են իրենց թույլ տալ մասնավոր փաստաբանի հետ պայմանագիր կնքել, ապա այս դեպքում նրանց մի մասը չի կարողանալու դիմել մասնավոր փաստաբանի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան