Քաղաքացու վրա թքելը կամ քաղաքացու լեզուն կտրելու սպառնալիքն ի՞նչ մշակույթ է. Գալստյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ԱԺ նիստում ներկայացրած իր և Ալեն Սիմոնյանի հեղինակած քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծը։
Նախագծի հեղինակներն առաջարկում են սահմանել, որ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում:
«Հաճախակի հեռուստառադիոեթերում կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների: Ցանկանում ենք նվազեցնել քրեական ենթամշակույթի ազդեցությունը հանրային հարաբերությունների վրա, հատկապես անչափահասների դաստիարակության վրա»,- ասաց Հովհաննիսյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց՝ քաղաքացու վրա թքելը կամ քաղաքացու լեզուն կտրելու սպառնալիքն ի՞նչ մշակույթ է և հանրային հարաբերությունների ու հանրային վարքի ի՞նչ ցուցիչ։
Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց. «Ձեր տված հարցերի հետ կապված կան կոնկրետ իրավապահ մարմիններում բողոքներ, գործեր, թողենք իրավապահ մարմինները իրենց գնահատականները տան, ձեր հարցն այս հարցի հետ կապ չունի, կոնտեքստից կտրված է»։
Լիլիթ Գալստյանն ասաց. «Բացարձակապես չեմ կիսում պատասխանից խուսափելու ձեր դիրքորոշումը, որովհետև մենք խոսում ենք անչափահասների, առհասարակ հասարակության հոգևոր, մտավոր, ֆիզիկական դատիարակության վրա ունեցող բացասական ազդեցության մասին։
Հասկանում եմ, թե ինչու միանգամից տարաք և կոնկրետացրեցիք, որովհետև այդտեղով դուք և մյուս հեղինակն անցնում եք։ Դուք կարող էիք ընդհանրական, բարոյական դաշտում պատասխանել թքելու և մարդու լեզուն կտրելու սպառնալիքի կամ այդ վարքագծի մասին, և ես անկեղծորեն կհավատայի հանրային դաշտը մաքրելու քրեական մշակույթից, ենթամշակույթից կամ այդ քարոզից զերծ պահելու անկեղծությանը։ Իսկ մնացյալը մնում է մնացյալ, որ դուք խուսափեցիք պատասխան տալուց։ Ես հակված էի ողջունելու այս նախաձեռնությունը, ձեր խուսափողական պատասխանը բոլորովին ինձ հետ համոզեց դրական քվեարկելու այս նախաձեռնությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Իրենց համար նորմալ է, որ անմիացիոն ֆիլմում տղամարդիկ կարող են համբուրվել. Դավիթ Սահակյանցը՝ ՔՊ-ականների նախագծի մասին
- Ձեր թիրախը TV-ների դեմ լղոզված պատժամիջոց ունենալն է, այլ ոչ թե երեխաների բարոյական դաստիարակությունը․ Ռուբեն Մխիթարյան
- «Պրոֆեսիոնալ», «Կնքահայր», «Մի անգամ Ամերիկայում»... որտե՞ղ է քրեական ենթամշակույթի ու դրական ազդեցություն թողնելու սահմանը