ՔԿ-ն հայտնել է Նոր Արեշում ողբերգական պայթյունի նախնական պատճառը
Փետրվարի 5-ին անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 և 34 փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, կան տուժածներ: Ահազանգի կապակցությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 փողոցի 23 տունը պայթել է, իսկ փլատակների տակ հնարավոր է լինեն քաղաքացիներ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357–րդ հոդվածի 2–րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն համապատասխան փորձագետների մասնակցությամբ։ Պարզվել է, որ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի ընթացքում փլատակների տակից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938թ. ծնված Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994թ. ծնված Հրանտ Սարգսյանը։ Փլատակների տակից դուրս են բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987թ. ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970թ. ծնված Գայանե Եղոյանի դիերը:
Որոշումներ են կայացվել Ռոզա Նազարյանին, Հրանտ Սարգսյանին, Հայկ Սողոմոնյանին և Գայանե Եղոյանին տուժող ճանաչելու մասին:
Հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող և հարևանութամբ բնակվող տների բնակիչներ:
Ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության:
Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27–րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում:
Որոշում է կայացվել համապատասխան ընկերությունից առգրավել նշված տան գազի սպասարկման վերաբերյալ առկա փաստաթղթերը։
Նշանակվել է պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, շինարարարատեխնիկական, դատաբժշկական, դիակի դատաբժշկական համալիր փորձաքննություն։
Ոստիկանությանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու և քննությանը հետաքրքրող տվյալների ձեռբքերման վերաբերյալ քննչական հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ՆԳՆ-ն մանրամասններ է ներկայացնում՝ Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունից
- Նոր Արեշում պայթյունի վայրում փլատակներից երկու դի է դուրս բերվել
- Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Պայթյունի հետևանքով փլատակներում մնացած քաղաքացիներին դուրս բերեցին
- Էրեբունիում պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում. Կան տուժածներ
- Պայթյուն Էրեբունիում