Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին. Այնպիսի փնթի իրավիճակ է, որ բովանդակային հարցեր քննարկելը տեղին չէ
«Ինչ-որ մեկը մեզ կարո՞ղ է ասել, այդ նախագծով առաջարկվող գները գործո՞ղ, թե՞ ապագայի տրանսպորտի համար են».-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ արձագանքելով Երևանի ավագանու՝ փետրվարի 13-ի նիստի օրակարգում հրապարակված նախագծին, որով առաջարկվում է տրանսպորտի գնի բարձրացում։
ՀԿ նախագահն ընդգծեց՝ նման նախագծերը վերջնական տեսք ստանալուց առաջ պետք է դրվեն հանրային լայն քննարկման։ Դրա փոխարեն հիմա հանրությանը որպես ընդունման ենթակա նախագիծ ներկայացրել են անհասկանալի մի բան, ինչը փնթի կառավարման արդյունք է համարում։
«Գնային ինդեքսները հասկանալու համար պետք է հատուկ բացատրական բառարան։ Եթե այսօր մի պաշտոնյա վեր կենա ու ասի, մոտավարոպես այս արժեքն է լինելու, նույն օրը մեկ այլ չինովնիկ կարող է ճիշտ հակառակն ասել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ ցանկացած դեպքում նախագիծը վերաբերում է տրանսպորտի թանկացմանը։
Պիպոյանը հիշեցրեց, որ մոտ 850 հազար եվրո գումար էր տրամադրվել արտասահմանյան ընկերությանը, որը կազմել էր Երևանի տրանսպորտի զարգացման հայեցակարգ։
«Հիմա հարց է առաջանում, ինչ-որ մեկը խմբագրե՞լ է այդ չափորոշիչները, թե՞ ոչ։ Եթե խմբագրում արել է, իրեն էս կյանքում ինչ-որ մեկը 850 հազար լումա այլ երկրում կվճարե՞ր որպես մասնագետ խորհրդատվության համար։ Սա առանցքային նշանակություն ունի։ Ավելին ասեմ, տարիներ շարունակ խոսվում էր, որ տրանսպորտային գների վերանայում կարելի է քննարկել և դիտարկել բարեփոխված տրանսպորտային համակարգ ունենալու դեպքում։ Հիմա միջազգային խորհրդատուն տվել է նոր ցանց, նույն միջազգային խորհրդատուն նվազեցրել է մեքենաների թիվը, բայց միաժամանակ ավելացրել է կանգառների թիվը, որպեսզի ավելի ճկուն տրանսպորտային համակարգ ունենանք։ Այդ կանգառները կառուցե՞լ ենք, կառուցելո՞ւ ենք»,-ասաց Պիպոյանը։
Այսօր Ավինյանի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հրավիրել է մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ կկատարի «միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին»։
«Ասում են միասնական համակարգ, բայց գրում են գնային 17 կատեգորիա, և որ ամենավատն ու տարօրինակն է, չկան հստակ թիրախային խմբերի համար նախատեսած փաթեթներ, նայեք անունները, կտեսնեք, որ “student” անունով փաթեթ չունենք։ Այսինքն, հերթական անգամ սիրողական մակարդակով մի բան է բերված, ունենք այնպիսի փնթի իրավիճակ, որ բովանդակային հարցեր քննարկելը տեղին չի, մինչդեռ հարցը շատ նուրբ է»,-ասաց ՀԿ նախագահը։
Ամփոփելով խոսքը՝ Պիպոյանը նշեց, Երևանի ավագանու ոչ իշխանական անդամները պետք է հիշեն, որ իրենք կարող են քվորում չապահովել, որպեսզի որոշումը չընդունվի։
«Հույս ունեմ, որ դրանից հետո համայնքը կհասկանա, որ չի կարելի փոքրամասնությունով սիրողական, էլի եմ կրկնում, ոչ պրոֆեսիոնալ փաթեթներ բերել, որտեղ Թելսելի գովազդն ավելի շատ է, քան հանրային տրանսպորտի մասին տեղեկությունները»,-նշեց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բարձր գների մասին «շուխուր» դրեք, որ 50-100% թանկացումը չերևա ․ Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
- ՔՊ-ական ավագանու անդամը հերքում է տրանսպորտի 260 դրամով թանկացման լուրը
- Երևանում տրանսպորտը կթանկանա դառնալով 260 դրամ. Փաշինյանի թիմը նոր նախագիծ է բերել