Հարցս պոզով, պոչով մի կենդանու մասին է․ Խամոյանը հետաքրքրվեց ՔՊ-ին հանգանակած գումարներից
«Հարցս պոզով, պոչով մի կենդանու մասին է, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շարունակելով․
«Դուք 2018թ․-ից առ այսօր ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում եք, որ երկրում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Բայց 2018թ․-ից բազմաթիվ են դեպքերը, երբ շատ պաշտոնյաներ այս կամ այն կոռուպցիոն գործի կիզակետում են հայտնվել, կալանավորվել են և այլն։ Մի այդպիսի հրապարակում եղավ նաև նախորդ շաբաթ։ Այսպես ասած՝ ԱԱԾ-ի և ՔԿ-ի համատեղ օպերացիայի արդյունքում՝ էկոնոմիկայի փոխնախարար ձերբակալվեց, ևս երեք պաշտոնյա ձերբակալվեցին, բայց խոսքս այս դեպքի մասին չէ, այլ մի հրապարակման , որը համատարած այդ աղմուկի մեջ լռեցվեց։ Խոսքը՝ հետաքննող լրագրողների իրականացրած հետաքննության մասին է, որով գնացել էին ՔՊ-ի քարոզարշավի համար հանգանակված գումարների հետևից։ Այցելել էին ձեր կուսակցության 2,5 ական մլն նվիրաբերած ընտանիքներին և պարզել էին, որ նրանցից շատերը անգամ տեղյակ չեն եղել , որ ձեր կուսակցության քարոզարշավի համար իրականացված դրամահավաքին գումարներ են նվիրաբերել, խոսքը շուրջ 140 անձի մասին է, որոնք 2,5 -ական մլն են նվիրաբերել։ Ընդհանուր գումարը կազմում է մոտ 350 մլն դրամ, գրեթե այնքան, որքան հայտնաբերել են ԱԱԾ-ն՝ ՔԿ-ի հետ համատեղ իրականացրած օպերացիայի արդյունքում։ Հիմա դուք ՔՊ կուսակցության վարչության նախագահն եք, եթե ֆինանսական թափանցիկությունը չեք կարողանում ապահովել՝ լինելով կուսակցության վարչության նախագահ, ի՞նչ վստահություն պետք է ունենանք , որ նույնը կարողանում եք իրականացնել վարչապետի պաշտոնում, արդյո՞ք սա համակարգային կոռուպցիա չէ»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ընդհանրապես, այդ թվում՝ ձեր բարձրացրած հարցերի պատճառով է, որ մենք ասում ենք ՝ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա։ Մի պաշտոնյան և մեկ անձը ամեն ինչ չի , որ կարող է թափանցիկություն ապահովել , դրա համար կան ինստիտուտներ՝ իրավապահ համակարգ, դատախազություն, վերահսկող մարմիններ, իհարկե նաև կուսակցության ղեկավարն է նաև այդ հարցի պատասխանատուն։ Ինքն էլ տեսել եմ այդ հրապարակումը, կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակներն ու իրադրությունները, մտադիր ենք նաև պարզաբանել, հասկանալ, թե ինչը ինչի համար է տեղի ունեցել»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան