«Հրապարակ». Փաշինյանն ինքն է ընտրել «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը և դրա վարող Բարեղամ Ղուկասյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված վերջին հարցազրույցի շուրջ աղմուկը չի դադարում։ Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին անակնկալի է բերել Նիկոլ Փաշինյանի` իրենց եթերում արտահայտած հակահայ մտքերի ռեկորդը և դրանց` հարցազրուցավարի կողմից զրո հակադարձումը, և նա նախօրեին հայտարարություն տարածեց՝ անհաջող հարցազրույցի համար ներողություն խնդրելով իրենց ունկնդիրներից և գնահատական տալով ՔՊ-ի վարած քաղաքականությանը:
Ռադիոյի աշխատակազմից տեղեկացանք, որ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել հյուրընկալվել Ռադիոյին` հարցազրույց տալ, ավելին՝ տնօրինությունը հարցազրույց վարելու համար մի քանի պատրաստված լրագրողի անուն է տվել, սակայն Փաշինյանն ինքն է ընտրել «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը և դրա վարող Բարեղամ Ղուկասյանին:
Հավանաբար` նախապես ուսումնասիրել են նրա վերաբերմունքը և պատրաստվածության աստիճանը, որ իր վիճելի մտքերին չհակադրվեն և դրանց սնանկությունը եթերում չբացահայտեն:
Ընդ որում` նախօրեին էին տեսագրել-ձայնագրել հարցազրույցը, սակայն այդ օրը հեռարձակում էին «ուղիղ եթեր» խորագրի ներքո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։