Տնտեսագետ. Հանրային տրանսպորտը հանրային բարիք է, այն չպետք է դիտարկել որպես բիզնես
«Քաղաքային տրանսպորտի բարեփոխումն այս քաղաքային իշխանության կարևորագույն խոստումներից է, բայց դեռևս ամբողջական պատկեր չկա, խնդիրներն էլ բավականին շատ են։ Հայտնի չէ, երբ կունենանք նորմալ տրանսպորտ, բայց սկսել են նախաձեռնել տրանսպորտի գնի թանկացում, ինչն անընդունելի է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Երևանի ավագանու վերջին ընտրություններին մասնակից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծին։
Նրա խոսքով, պետությունը պետք է նորմալ ծառայություն մատուցի, նոր միայն ակնկալի դրան համապատասխան վճար։
«Ցավում եմ, որ քաղաքային իշխանությունները պետական գործառույթների հիմքում դնում են ֆինանսական և բիզնես հաշվարկը։ Ի՞նչ է նշանակում, երբ տրանսպորտի ուղեվարձի հաշվարկի հիմքում դնում են ինքարժեքը։ Դեռ մի կողմ թողնենք այն, թե ինչպես են հաշվել ինքնարժեքը, ինչքան անարդյունավետ ծախսեր ու գործընթացներ են իրականացնում, ընդունենք, որ ինքնարժեքն իրենց նշած 250 դրամն է, եթե ճիշտ եմ հիշում։ Հանրային տրանսպորտը հանրային բարիք է, նույն տրամաբանությամբ պետք է փողոցների լուսավորության համար լույսի փող վճարենք»,-ասաց տնտեսագետը։
Նա հիշեցրեց, որ երևանցիները վճարում են տարբեր հարկեր, օրինակ, գույքահարկ, որն այս տարի թանկացել է 43 տոկոսով։
«Ո՞ւր են գնում այդ փողերը, ինչի՞ն են ծառայում երևանցիների փողերը, ի՞նչ բարիք է ստեղծվում։ Գույքահարկի բարձրացումը լիովին բավարար է տրանսպորտի ուղեվարձը նույնիսկ իջեցնելու համար, քանի որ բյուջեն երևանցիների կատարած վճարումներից հավելյալ գումարներ է ստանում։ Թանկացումը միանշանակ անընդունելի է, քանի որ հանրային տրանսպորտը չպետք է դիտարկել որպես բիզնես ու մտածել, որ շահույթով պիտի աշխատի»,-մանրամասնեց Մ. Առաքելյանը։
Ինքնարժեքով առաջնորդվող իշխանությանը նա առաջարկեց, օրինակ, հաշվել կարմիր գծերի ինքնարժեքը, նման մոտեցման դեպքում դրա տարեկան տուրքը կկազմեր ոչ թե 160 հազար դրամ, այլ մի քանի հարյուր դրամ։
«Սա անհասկանալի մոտեցում է։ Կա մեկ այլ գործոն, որ զարմանք է առաջացնում։ Նախագծով ուղեվարձի 15-17 կետ է նշվում, սա խայտառակություն է, ձեռառնոցի, աշխարհում նման բան չկա, ուզում են ցույց տալ, որ իրենք լուրջ հաշվարկներ են արել։ Դա նաև մանիպուլյացիաների տեղիք է տալիս։ Ակնհայտ է, որ տրանսպորտն էականորեն թանկանում է»,-ասաց նա։
Մ. Առաքելյանն այս համատեքստում հիշեցրեց Երևանի բեռնաթափման մասին քաղաքապետարանի պաշտոնյաների հայտարարությունները, ըստ որոնց, ամեն ինչ պետք է անել, որ մարդիկ օգտվեն հասարակական տրանսպորտից։
«Ու հիմա թանկացնում են հասարակական տրանսպորտը, մինչդեռ պետք է ամեն ինչ անեն, որ մարդկանց համար այն գրավիչ լինի, որպեսզի մարդիկ հրաժարվեն սեփական մեքենաներով երթևեկելուց։ Չեմ բացառում, որ հաշվարկների դեպքում պարզվի, որ տաքսուց օգտվելն ավելի մատչելի է, քան այս սակագնով տրանսպորտից օգտվելը։ Վճարի ձևն էլ խնդրահարույց է, պետք է հասկնաալ, որ տրանսպորտից օգտվողներից շատերը սոցիալապես անապահով ընտանիքներն են, որոնց համար մի քանի հազար դրամ նախապես վճարելը լուրջ խնդիր է առաջացնելու»,-նշեց Առաքելյանը։
Նման նախագիծ ներկայացնելը՝ տնտեսագետը համարում է դիլետանտության, ոլորտին անտեղյակ լինելու, իրականությունից կտրված լինելու հետևանք. «Այս մարդիկ ոչ թե քաղաքն են կառավարում, այլ քաղաքապետարանը։ Իրենց համար դա մի հիմնարկ է, որտեղ աշխատում են։ Համալիր լուծումներ որևէ խնդրի վերաբերյալ չեն առաջարկվում, ցավոք, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է»։
Հարակից հրապարակումներ`
- Զեյնալյան. Ես ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի
- Սուրեն Գրիգորյան. Այո՛, տրանսպորտը թանկանալու է
- Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին. Այնպիսի փնթի իրավիճակ է, որ բովանդակային հարցեր քննարկելը տեղին չէ
- Բարձր գների մասին «շուխուր» դրեք, որ 50-100% թանկացումը չերևա ․ Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
- ՔՊ-ական ավագանու անդամը հերքում է տրանսպորտի 260 դրամով թանկացման լուրը
- Երևանում տրանսպորտը կթանկանա դառնալով 260 դրամ. Փաշինյանի թիմը նոր նախագիծ է բերել