Արմեն Էլբակյան. Արվեստն է կյանքը ստեղծում, ոչ թե կյանքն է արվեստ ստեղծում
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը չի համագործակցում ժամանակակից դրամատուրգների հետ։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանն ու բացատրեց, թե ինչու. «Մեր ժամանակը շատ արագ է ընթանում, մերօրյա դրամատուրգները պետք է այնպես գրեն, որ ժամանակը չանցնի։ Իրենց գրածի մեջ տարածությունն ու ժամանակը պետք է հավիտենական լինի, ոչ թե այս պահին, այս թեմայով, այս փոքր կենցաղային հարցը կամ այս կնոջ սերն ու կորուստը և այլն։ Մի քիչ ավելի լայն պետք է մտածեն»։
Ըստ նրա, արվեստն է ստեղծում կյանքը։
«Բոլորին թվում է, թե կյանքն արվեստ է ստեղծում, այսինքն կյանքից է արվեստը ստեղծվում։ Բոլորվին դա այդպես չէ։ Արվեստն է կյանքը ստեղծում, ամբողջ հարցը դրա մեջ է, ոչ թե կյանքն է արվեստ ստեղծում։ Կյանքն ընդամենը միջոց է, բայց արվեստն է կյանքը ստեղծում։
Դա արվեստում է, ու մեկ էլ տեսնում ես կյանքը։ Այսինքն հանկարծ բաներ, որոնք թվում է, թե անհավանական են, անհավանական՝ մարդը դառնում է ռնգեղջյուր, դառնում են հավանական։ Ինչքա՜ն ռնգեղջյուրներ են քայլում փողոցներում։ Տեսե՞լ եք։ Ուշադիր նայեք, լիքն են»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստը։