Միչիգանում մորը մեղավոր են ճանաչել որդու կատարած սպանության համար
Միչիգանում երդվյալ ատենակալները մայրիկին մեղավոր են ճանաչել, քանի որ չի կարողացել կանխել որդու կողմից դպրոցում մահացու հրաձգությունը։
BBC-ի փոխանցմամբ, 45-ամյա Ջենիֆեր Քրամբլին առաջին ամերիկացի ծնողն է, որ դատապարտվել է չկանխամտածված սպանության համար՝ իր երեխայի կողմից իրականացված զանգվածային հրաձգության համար:
Դատախազները նրան մեղադրել են որդուն ատրճանակ ձեռք բերելու թույլտվության մեջ անփութության, ինչպես նաև սպանության վերաբերյալ նախազգուշացնող նշաններն անտեսելու համար: Կինն իրեն մեղավոր չի ճանաչել։
Նրա ամուսնուն՝ Ջեյմսին, նույն մեղադրանքով առանձին դատավարություն է սպասվում։
Նրանց որդին, որն այժմ 17 տարեկան է, ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ Միչիգանի Օքսֆորդի ավագ դպրոցում 2021 թվականի նոյեմբերի 30-ին չորս դասընկերների սպանության համար: Հրաձգության հետևանքով վիրավորվել էր ևս 7 մարդ։
Դատավորը, դիմելով երդվյալ ատենակալներին, նշել է՝ սա հավանաբար «ամենադժվար բանն է, որ երբևէ արել եք»:
Երեքշաբթի օրը, երբ Օքլենդ շրջանի դատարանում կարդացել են դատավճիռը, տիկին Քրամբլին անզգայացած էր՝ նայելով ուղիղ ներքև:
Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածներով՝ չկանխամտածված սպանության համար, որոնցից յուրաքանչյուրը առավելագույնը 15 տարվա ազատազրկում է նախատեսում։