Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց
Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է ավագանու 5 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերը։
Նրանք ենք՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյան, Սոննա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Զարուհի Փաստանջյան և «Ազգային Առաջընթաց» խմբակցությունից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու նիստին մասնակցում է 35 անդամ, քվորում ունեն։
Ավագանին անմիջապես անցավ օրակարգային հարցերի քննարկմանը։ Առաջինը Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն է։
Զեկուցող ավագանու ՔՊ անդամ Մարատ Թոխյանը հայտարարեց, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին։
«Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում (2023 թվական) տեղի են ունեցել թվով 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են թվով 42 քվեարկություններ: Նույն գրության համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը մասնակցել է թվով 10 քվեարկությունների, այսինքն՝ նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից, իսկ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարան չեն ներկայացվել:
Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել Երևան քաղաքի ավագանու անդամ Նարինե Սլավիկի Հայրապետյանի լիազորությունները»,- որոշման հիմնավորումը ներկայացրեց Թոխյանը։