Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակվում են նոր մեթոդներ վնասված հյուսվածքների վերականգնման համար
ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում իրականացված գիտական հետազոտությունները ցույց են տվել հյուսվածքաբանական նմուշների հիպերսպեկտրալ անալիզի մեթոդի վալիդությունը: Ստացվել են նոր տվյալներ, որոնք հաստատում են որոշ սքաֆոլդների կառուցվածքային ամբողջականությունը և ապաբջջայնացման արդյունավետությունը։
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են՝ սքաֆոլդները մատրիցաներ են, որոնք կենսաբանական կրիչների համադրությամբ արագացնում են հյուսվածքի վերականգնումը։ Կատարելագործվել են ցիտոտոքսիկության և իմունագենության գնահատման մեթոդները, և փոշիացված սքաֆոլդներ են սկսել կիրառվել ավելի վստահելի արդյունքների ստացման համար։ Իմունագենության գնահատման փորձաչափումները հարստացվել են նոր մեթոդներով, ինչպիսին է հոսքային ցիտոմետրիան։
«Մեր լաբորատորիայի կողմից մշակվող տեխնոլոգիաներն ունեն երկու հիմնական կիրառություն։ Առաջինը նոր բուժման մեթոդների մշակումն է վնասված հյուսվածքների վերականգնման համար: Թեպետ այս հետազոտական ուղղությունը դեռևս հիմնարար գիտության մակարդակում է, սակայն ունի կիրառական բազմաթիվ կարևոր հեռանկարներ: Մյուս ուղղությունը վերաբերում է մշակված հյուսվածքների կիրառմանը որպես մոդել տարբեր պրեպարատների և դեղանյութերի փորձարկման նպատակով: Այս ուղղությամբ լաբորատորիայում նույնպես տարվել և տարվում են բազմաթիվ աշխատանքներ: Նոր մոդելների մշակումը հնարավորություն կտա իրականացնել ճշգրիտ և էթիկապես ոչ խնդրահարույց փորձարկումներ»,- ասել է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի վարիչ Զարուհի Կարաբեկյանը։
Նա նշել է, որ լաբորատորիայում ներկա պահին գործում են մի քանի հետազոտական նախագծեր, որոնց նպատակն է հյուսվածքային ճարտարագիտության մեթոդների կիրառմամբ լաբորատոր պայմաններում տարբեր հյուսվածքների կառուցվածքների ստացումը և թեստավորումը:
Նախագծերն արժանացել են մի քանի դրամաշնորհների և ֆինանսավորման ծրագրերի, այդ թվում՝ ANSEF դրամաշնորհ, EIF - PMI հետազոտական աշխատանքների ֆինանսավորում, FAST ADVANCE STEM գիտահետազոտական կրթաթոշակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների աջակցության դրամաշնորհային ծրագիր: «Ներկայում մեր լաբորատորիան սերտ համագործակցություններ ունի Բելառուսի Հանրապետության Սախարովի անվան Էկոլոգիայի միջազգային պետական ինստիտուտի, ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հետ, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում համագործակցում է ՌԴ Յակուտսկի Գրաֆենային տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի, ինչպես նաև BIO-SEE կենսապատկերման միջազգային ասոցիացիայի հետ»,- ասաց Զարուհի Կարաբեկյանը:
Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի կողմից մշակված որոշ մեթոդներ աշխատակիցների համահեղինակությամբ տպագրվել են պրոֆեսոր Նարինե Սարվազյանի խմբագրությամբ հրատարակված գրքում՝ Sarvazyan N.(eds) Tissue Engineering. Learning Materials in Biosciences. Springer, Cham., April, 2020, DOI: https://doi.org/10.1007/978-3-030-39698-5_10, (https://link.springer.com/chapter/10.1007/978-3-030-39698-5_10#citeas)։
Հրապարակվել է նաև «Hayrapetyan L., Arestakesyan H., Margaryan A., Oganesyan A., Grigoryan V. and Karapetyan A. Comparison of articular and auricular cartilages: decellularization, cell proliferation rate, and infiltration in scaffolds» հոդվածը «Research on Biomedical Engineering» ամսագրում։
Հետազոտական աշխատանքները ներկայացվել են միջազգային հարթակներում՝ գիտաժողովներին, ցուցահանդեսներին և սեմինարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան