«Հրապարակ». Արշակ Կարապետյանը Գևորգ Գևորգյանին փոխանցել է, որ հրաժարվում է նրա հետ համագործակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամիսներ առաջ ձևավորված «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիրներ՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի միջով սև կատու է անցել: Մեր տեղեկություններով՝ վերջերս նրանք կոշտ զրույց են ունեցել, Արշակ Կարապետյանը նրան փոխանցել է, որ հրաժարվում է նրա հետ համագործակցությունից։ Ըստ մեր աղբյուրի՝ պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանին իբր հասցրել են, թե Գևորգյանն իր մասին «պատերի տակ բամբասում է» և այլն։
Հայաստանում վերջին 10 տարիներին գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումների մասնակից Գևորգ Գևորգյանն անակնկալի եկավ մեր հարցից։ «Ես սենց հրապարակային բաներ հիմա չեմ խոսում»,- ասաց նա, բայց անմիջապես սթափվեց և փորձեց հերքել տեղեկությունը․ «Եթե ես և Արշակ Կարապետյանը համահիմնադիր ենք այդ շարժման, և եթե հանկարծ կոնֆլիկտ լինի` ի՞նչ պետք է լինի... Ես ասում եմ... նման բան չկա»։
Հետաքրքրվեցինք առաջիկա քայլերի մասին։ «Նախատեսում ենք երկիրը փրկել այս ողբերգությունից, կարողանալ ազգային համախմբում իրականացնել, ազգովի ոտքի կանգնել ու գիտակցել, որ մեր գոյության պայքարն է»,- ասաց Գևորգյանը՝ չնշելով, թե երբ և ինչպես են ոտքի հանելու ազգին։
Նշենք, որ շարժումը մի քանի ամիս է, ինչ հայտարարել է իր գոյության մասին, գրասենյակներ են բացել Երևանում, Գյումրիում, Էջմիածնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: