Կառավարությունն այսօր բյուջեից կֆինանսավորի նաև «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում կընդունի ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին։
Որոշման նախագծի մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1024 ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու նպատակով։
Միևնույն ժամանակ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառուների մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն որոշման 25-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը ՀՀ կառավարության քննարկմանը պետք ներկայացնի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և նախագծին կից ներկայացվող հավելված:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի գրությունը, ՀՀ կառավարության 25.02.2021թ. N 252-Լ որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ Ազգային Ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից տրվող հատկացման բաշխումը ըստ առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների»:
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է. «Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը»:
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում 3 %-ի շեմը հաղթահարել են ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։