Պարոն Կոնջորյան, եթե ձեզ ՔՊ-ում հանձնարարեն՝ ապացուցել 5 երեխաների մայրը կույս է, կփորձեք ապացուցել. Խամոյան
«Դուք պատրաստվում եք իշխող ուժի ձայների միջոցով դառնալ ԲԴԽ անդամ, մարդ, ով պետք է հսկի, վերահսկի դատավորներին, նրանց բարեվարքությունը ստուգի։ Դուք ակնհայտորեն խնդիրներ ունեք սեփական կենսագրության հետ և այս պայմաններում չեք կարող վերահսկել, ստուգել դատավորների բարեվարքությունը»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամայոնը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Թումանյանին։
Նա նշեց, որ խորը ուսումնասիրելով թեկնածուի կենսագրությունն ու համադրելով մի քանի կենսագրական տվյալներ, ստացել է հետևյալ պատկերը. «Դուք դպրոց հաճախել եք 10 տարեկանում, ավարտել եք 20 տարեկանում»։
Ընդդիադիր պատգամավորը նաև նշեց, որ Կ. Թումանյանն ազատված է զինվորական ծառայությունից ընտանեկան կարգավիճակով պայմանավորված՝ երկու և ավելի երեխա ունենալու հանգամանքի բերումով։
«Պարոն Կոնջորյան, ինձ մոտ երբեմն տպավորություն է, եթե ձեզ ՔՊ-ում հանձնարարեն, որ դուք ապացուցեք՝ 5 երեխաների մայրն, օրինակ, կույս է, վստահ եմ, դուք դեմքի լուրջ արտահայտությամբ կփորձեք դա ապացուցել, քանի որ ցանկանում եք պահել ձեր պաշտոնը։
Երեկ այնպիսի վստահությամբ էիք փորձում արդարացնել, հիմնավորել ձեր թեկնածուի՝ զինվորական ծառայությունից ազատվելը, որ մի պահ իսկապես մտածեցի՝ կարող է սխալվում եմ։
Ուզում եք մեկին դարձնել ԲԴԽ անգամ, ով խուսափել է զինվորական ծառայությունից ամուսնանալով ... Կարծում եմ՝ բոլորդ հասկացաք։ Ամուսնացել է բանակ զորակոչվելուց մեկ տարի առաջ, գրանցվել է ամուսնության ակտ։
Դպրոց ընդունվել է 10 տարեկանում, ավարտել է 20 տարեկանում, 20 տարեկանում ամուսնացել է և այլևս իրեն բանակ չեն տարել»,- ասաց Խամոյանը՝ կոչ անելով ՔՊ-ական պատգամավորներին կարդալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը։
Նա նաև նշեց, որ բացի խնդրահարույց կենսագրությունը, Կ.Թումանյանը նաև իրավաբան գիտնական չէ ու այդ մարդուն ՔՊ-ն պատրաստվում է դարձնել ԲԴԽ անդամ։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց Խամոյանին ու ասաց, որ իրենք հիմա այդ հարցը չեն քննարկում։
«Մի խանգարեք ինձ, խնդրում եմ»,- արձագանքեց Խամոյանը։
«Անջատեք տիկին Խամոյանի խոսափողը»,- կարգադրեց ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակը։
Նա նշեց, որ զգուշացրել էր՝ հիմա քննարկում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը, իսկ պատգամավորը երեկվա քննարկված հարցի մասին է խոսում։
Այնուհետև ասաց. «Միացրեք, թող ավարտի»․
«Բազմիցս շեղվել ենք օրակարգերից։ Ես հիմա խոսում եմ յուրաքանչյուր դատավորի շահերի տեսանկյունից, որովհետև վաղը պետք է գա, այդ մարդկանց բարեվարքությունը ստուգի՝ ակնհայտորեն խնդիրներ ունենալով սեփական կենսագրության հետ»,- ասաց Ագնեսա Խամոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կուսության ստուգումը բռնության տեսակ է, որը պետք է օրենքով ամրագրենք. Զարուհի Բաթոյան
- Կուսության ստուգումը մշակութային խնդիր է, որը պետք է արգելել. ՔՊ-ական Ծովինար Վարդանյան
- Ընտանիքում՝ զուգընկեր, կուսության ստուգումը՝ արգելք. ՔՊ-ն նոր աղմկահարույց նախագիծ է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին