Էքսկլուզիվ կադրեր Սևանա լճի «բատալիայից»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Էքսկլուզիվ կադրեր է հրապարակել Սևանա լճի «բատալիայից» ու գրել.
«Գիտե՞ք ինչու Սևանալճում ձկնորսության տուրքը չեն վճարվում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ։
Ինչու՞ պիտի վճարեն, եթե կարող են հսկողներին ծեծելով լուծեն իրենց հարցերը։
Հայաստանում իրավապահ մարմինների փոխարեն մի մեծ դեկորացիա է, որը օրենք պաշտպանելու ունակ չէ»։
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանությունից դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտե ստացվել են հաղորդումներ և դրան կից փաստաթղթեր, համաձայն որոնց՝
2023թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 1240-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այդ ամենի ընթացքում պարեկային ծառայողները և ազգային պարկի աշխատակիցները նրանց հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ենթարկվել իրենց օրինական պահանջներին։ Սակայն նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալված 26 ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել
- Ձկնորսն իրավունք ունի՞ պետական սեփականությունը, ի դեմս ձկան, թալանի. Բարդուխ Գաբրիելյան
- Նորատուսի մոտ դիմակավորված ձկնորսները լճի վրա ծեծել են պարեկներին. ՔԿ-ն մանրամասներ ներկայացրել
- Ծովագյուղցիներ. Այս ճանապարհը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ խնդրին ընթացք չի տրվել