«Ժողովուրդ». Փաշինյանի թիմը քիչ-քիչ մաշվում է, և պակասում են հավատարիմների շարքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2022 թվականին, Ազգային ակադեմիայի գնահատականով, Սևանում եղել է 4700 տոննա Սիգ, 2023-ին՝ 3900 տոննա։ Փաստը մնում է փաստ, որ Շրջակա միջավայրի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը այդպես էլ չկարողացավ կատարել իրեն հանձնարարվածը և չվերահսկեց ապօրինի ձկնագողությունը։
Վարչապետ Փաշինյանը երեկ Կառավարության նիստում Սիմիդյանի վրա բարկացավ, ակնարկեց, որ նրան հանձնարարված աշխատանքները մնում են անկատար։ Սիմիդյանը, ի պատասխան, նշեց. «Մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակներում օրինական որս իրականացնելու համար»։ Սիմիդյանը տեղեկացրեց, որ 2020-21 թթ. քվոտան եղել է 300 տոննայի շրջանակներում, 2022-23 թվականին եղել է 600 տոննայի շրջանակներում։ Փաշինյանը, այս տվյալներն ավելի բացելով, նշեց. «600 տոննա քվոտայի դիմաց մենք իրացրել ենք 566.1 տոննա ձուկ: Այսինքն՝ մենք բոլորս գիտենք, որ կրկնակի ավել որս է արվում, բայց նույնիսկ այս քվոտան, որի դիմաց պետք է վճարում ապահովվեր, մենք գոնե սիգի այդ 600 տոննայի վճարը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի բան է, բայց ավելի մեծ խնդիր է այն, որ 2023-ին այդ ցուցանիշն ավելի է նվազել, դարձել է 390 տոննա»։
Այսինքն՝ ստացվում է, որ ամեն տարի ավելացվում է Սևան բաց թողնվող Սիգի և Իշխանի քանակը, սակայն տարեվերջին Սևանում Սիգի, Իշխանի քանակը ձկնագողերի շնորհիվ կրկնակի պակասում է։
2024 թվականին «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը դրամաշնորհային մրցութով Շրջակա միջավայրի նախարարությունից ստացել է 495 մլն 700 հազար դրամ։ Պայմանագրով նախատեսված է հատկացված գումարը ծախսել ձկների կերի, հատուկ մասնագիտական ծառայությունների, անհրաժեշտ նյութերի ձեռք բերման և այլ անհրաժեշտ ծառայությունների համար։
Նախատեսված է 3-ից 5 գրամ և 5-ից 20 գրամ քաշով Իշխան գեղարքունի տեսակի մանրաձուկ բաց թողնել Սևան։ Նույն դրամաշնորհի արժեքը 2023 թվականին կազմել է 495 մլն 691 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 300 մլն դրամ։
Արդյունքում ստացվեց այնպես, որ, ըստ տվյալների, տարեցտարի ձկնաբուծության համար պետության կողմից տրամադրվող դրամաշնորհների քանակը կայունանում է, սակայն ավելանում է ձկնորսության և ձկնագողության մակարդակը։ Հենց այս պատճառով էլ Փաշինյանը դժգոհ է նախարար Սիմիդյանի աշխատանքից։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակոբ Սիմիդյանը հեռացվող նախարարների շարքին է դասվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը նրա աշխատանքից էլ է դժգոհ, ինչպես Վահան Քերոբյանի դեպում։ Այս անգամ Փաշինյանը ոչ թե հեռացնելու նպատակով է հոխորտում նախարարների վրա, այլ անում է այնպես, որ նրանք ինքնակամ հրաժարական ներկայացնեն։
Փաշինյանը Սիմիդյանի հարցով կտրուկ քայլեր չի ձեռնարկում, քանի որ չի կարողանում գտնել որևէ մեկին, ով կցանկանա աշխատել իր հետ և իր ղեկավարած կառավարությունում։ Ստացվում է, որ Փաշինյանի թիմը քիչ-քիչ մաշվում է, և պակասում են հավատարիմների շարքերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: