Մամիջանյան. Հայաստանի անունից գլխավոր բանակցողը զբաղված է բացառապես Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ
«Սահմանադրական փոփոխությունների օրակարգը, իմ անձնական, համեստ կարծիքով, Փաշինյանի խմբակի կողմից հրապարակ նետված կեղծ օրակարգ է։ Չեմ կարծում, որ իրենք այդ գործընթացը կհասցնեն ավարտին»,-ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
Նրա խոսքով, Սահմանադրության իշխանության հնչեցրած թեզերին Հանրապետական կուսակցությունը խիստ դեմ է։
«Չեմ կարծում, որ դա պետք է լինի Հայաստանի քաղաքական միակ դիսկուրսը։ Կիսում եմ այն կարծիքը, որ ռեակտիվ պատասխանելը դրան որևէ արդյունք չի բերի։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություննեը, մեր անելիքների մասին կհայտարարենք»,-ասաց նա։
Ընդդիմադիր գործչի խոսքով, երկրի կարևորագույն խնդիրն այն է, որ Հայաստանի անունից գլխավոր բանակցողը զբաղված է բացառապես Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ։
«Կարող եմ շատ օրինակներ բերել։ Դրանից մեկն էլ այն է, որ Փաշինյանը կարծես թե ուզում է համաձայնել առանց միջնորդի բանակցությունների, որը պարզապես ինքնասպանություն է։ Իշխանափոխությունը ոչ միայն ընդդիմադիրների, Հանրապետականի օրակարգն է, այլ դա միակ փրկության տարբերակն է։ Եթե տեսնեք, թե ինչ ուղղությամբ են զարգանում բանակցությունները, ինչ ականներ են վերջին տարիներին դրվել այդ գործընթացի տակ, և շարունակում են դրվել, կհասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն այլընտրանք չունի, քան Փաշինյանի հեռացումը»,-ասաց նա։