«Ի՞նչն է ստիպել հրաժարվել նախագծից»․ քաղաքապետարանում քննարկվում է տրանսպորտի թանկացման հարցը հանել օրակարգից
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենում Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է քաղաքային իշխանության կողմից ներկայացված տրանսպորտի թանկացման նախագիծը։
Բավականին առաջարկներ են ստացվել և կան քննարկումների առիթներ։ Առաջարկել եմ այս հարցը հանվի առաջիկա նիստի օրակարգից․ առաջարկները քննարկելուց հետո բերվի օրակարգ։ Մենք ոչ թե հրաժարվում ենք այս գաղափարից, որովհետև միասնական տոմսային համակարգի կայացումը և իրագործումը մեր քաղաքական հանձնառությունն է։ Կարծում եմ՝ նման հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցը պետք է ավելի երկար քննարկվի»,- նիստի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ հարցը հանրային է և հանրային ճնշման արդյունքում է հանվել օրակարգից։
«Պահանջում ենք, որ ներկայացվեն առաջարկությունները՝ հասկանալու համար, թե ինչ առաջարկություններ են եղել , որովհետև ունենք առաջարկություններ։ Կարծում եմ՝ հարցը հիմա պետք է քննարկենք, այս հանձնաժողովում, մենք փողոց ենք դուրս գալիս հանդիպում ենք ժողովրդի հետ,այս մասին ևս կներկայացնեմ քննարկման ժամանակ , նաև մենք պետք է հասկանանք, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը։ Ի՞նչն է ստիպել հրաժարվել։ Միակարծիք ենք, որպեսզի հարցը չներառվի օրակարգում, սակայն քննարկում առաջարկությունների մասով պահանջում ենք»,- ասաց Մանուկյանը։
Հանձնաժողովի նախագահն էլ արձագանքեց,թե հարցը չենք կարող քննարկել, քանի որ առաջարկվել է այն հանել օրակարգից։
«Խնդիրն այն չէ, որ մենք ցանկանում ենք ծածուկ ընդունել կամ առանց քննարկման ընդունել այս նախագիծը։ Պարզապես պետք է ամփոփենք առաջարկները, առանձնացնենք ընդունելի տարբերակները, հետո՝ քննարկենք»,- հավելեց Սուրեն Գրիգորյանը։
Օրակարգը հաստատվեց՝ 7/7 ձայների հարաբերակցությամբ, հանձնաժողովի նախագահի ձայնը եղավ որոշիչ։ Տրանսպորտի թանկացման հարցն այսօրվա օրակարգից հանվեց։
Մանրամասն՝ տեսանյութում։