Տրանսպորտի թանկացման հարցը դուրս է բերվել նիստի օրակարգից
Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը դուրս է բերվել ավագանու առաջիկա նիստի օրակարգից։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Գրիգորյանը։
«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։
Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։
Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ նախագիծը բազմաթիվ քննադատությունների արժանացավ ոչ միայն քաղաքացիների, այլև փորձագետների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Պիպոյան. Համայնքը եփել է բորշչ, որը չի կարողանում ուտել
- Լալա Մնացականյան. Այն մարդիկ, որ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը
- «Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի գների բարձրացման դեմ
- Տնտեսագետ. Հանրային տրանսպորտը հանրային բարիք է, այն չպետք է դիտարկել որպես բիզնես