Արմեն Գևորգյան. Մենք ընտրություն պիտի կատարենք երկու եռանկյունիների միջև
«Մեր տարածաշրջանում ձևավորվում են զարգացումների կամ կարճաժամկետ հեռանկարների տեսանկյունից անվտանգության եռանկյուններ։ Հայաստանի դեպքում ես տեսնում եմ որպես մի եռանկյուն ՌԴ-Չինաստան-Իրան և ԱՄՆ-ԵՄ-ՆԱՏՕ-Թուրքիա»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որ մասնակցում է «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» թեմայով քննարկմանը։
Նրա խոսքով, ուզենք, թե չուզենք, մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք տեսնում մեր ապագան։
«Սա այնքան բարդ է, ու այս պարագայում կարևորը պետք է լինի անվտանգությունը։ Մենք որոշիչ գործոն չենք այլևս։ Մենք պետք է հասկանանք, այս դերակատարումը մեզ բավարարելո՞ւ է, թե պետք է գտնենք ինչ-որ ձև գործոն դառնալու համար»,-ասաց քաղաքական գործիչը։
Նա ընդգծեց, ինչքան էլ քննդատենք Ռուսաստանին, կան օբյեկտիվ պատճառներ, որոնցից չենք կարողանալու առաջիկա տարիներին ձերբազատվել, և դրա անհրաժեշտությունն էլ չկա։
«Նույնը Իրանի մասով։ Այս երկու երկրներին ես շեշտում եմ, քանի որ նրանք այստեղ են, չեն գնացել, չեն էլ գնալու։ Այս ամենը չհասկանալ, չգիտակցել շատ տարօրինակ է, քանի որ հույսը դնել ժողովրդավարական երկրների վրա, որ կգան, մեզ կօգնեն, կպաշտպանեն, առնվազն իրատեսական չէ»,-ասաց նա։
Ա. Գևորգյանը որպես հաջորդ գործոն նշեց տնտեսությունը, նկատեց՝ հայաստանյան շուկան մեծ մասամբ ուղղված է դեպի ԵԱՏՄ շուկա։
«Ռուսական վեկտորներն էլ չեն հանդուրժելու, արդեն իսկ չեն հանդուրժում այն իրավիճակը, երբ մեր հաշվին փող եք աշխատում, բայց ուրիշների շահերն եք պաշտպանում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։