18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը. Փաշինյան
Վիճակագրությանը, ինչը ցույց է տալիս, որ 2023 թ․ նպաստառու ընտանիքների թիվն ավելի քիչ է (ընդհանուր առմամբ 2021-23 թ․ տարբերությունը կազմում է -18.1% (15 799 ընտանիք)։ Նվազման միտումը պայմանավորված է ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացման կամ կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազմամբ, այլև տարածքային կենտրոնների առավել թիրախային և մասնագիտական աշխատանքով։ Այս մասին զեկուցվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկմանը, որին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը։
Ն. Փաշինյանը հետաքրքրվել է, թե ավելի կոնկրետ ինչի հաշվին է նվազել նպաստառու ընտանիքների թիվը:
«18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- նշել է նա։
Պատասխանատուներն ասել են, որ 2021 թվականից նվազել է թիվը մինչև 82 հազարի, ու այսպես դինամիկան պահպանվել է: Նշվել է, որ 7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։
«Այսինքն` մարդիկ ամեն տարի, որ պետք է գան, դիմեն, որ փաստագրվեն, ենթադրվում է, որ հասկացել են, որ իմաստ չունի դիմելը»,- ասել է ծառայության պետը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բայց դե այդ էլ եկեք նայենք, հարգելի գործընկերներ, լավ ասենք, ենթադրենք` մի տարի 5.5 տոկոս է տնտեսական աճը, մի տարի 12 տոկոս, մի տարի 8 տոկոս, դա պետք է մի ձևով արտահայտվի։ Օբյեկտիվ տվյալներ կան, ասենք, օրինակ՝ պետական բյուջեի եկամուտները, դա օբյեկտիվ տվյալ է և այդ օբյեկտիվ եկամուտների աճն այստեղ որևէ ձևով պետք է արտահայտվի։ Իհարկե, շատ դեպքերում, ցավոք, ոչ այն ծավալով, որ իրենք էլ, մենք էլ կուզեինք, բայց այնուամենայնիվ, պետք է արտահայտվի։ Նկատի ունեմ` դուք այդ տեսանկյունից եք նայում, ասում եք` մտածել են իմաստ չունի, որ դիմեն։ Այսինքն` դա ուրիշ բան էլ է նշանակում, որ գնահատող խումբը կգա, կտեսնի, որ իզուր է դիմել քաղաքացին։ Այսինքն` նայած ինչ դիտանկյունով նայենք»։
Պատասխանատուները նշել են, որ փաստագրման համար բոլորը պարտավոր են յուրաքանչյուր տարի դիմել՝ նպաստ ստանալու համար:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 8 հազարով դիմող անձանց թվի նվազումը ևս մեկ տվյալ է, որը կրկին տնտեսական աճի արտահայտման մասին է խոսում:
Նշվել է նաև, որ Ծառայության 49 տարածքային կենտրոնների կողմից իրականացվել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 48,614 հրատապ առաջնային կարիքների գնահատում։ Տարածքային կենտրոնների համակարգմամբ գործել են 2 կոորդինացիոն կենտրոններ՝ Շենգավիթի տարածքային կենտրոնում և Փարաքարի մշակույթի տանը՝ Վաղարշապատի Տարածքային կենտրոնի համակարգմամբ։ Տվյալ կենտրոններում իրականացվել են տեղահանվածների կարիքների գնահատման աշխատանքներ, աջակցության ծրագրերի վերաբերյալ տրամադրվել խորհրդատվություն և ժամանակավոր կեցության վայրի տեղափոխում։
Սահմանամերձ համայնքներում 16 մլն դրամի տրամադրման միջոցով բնականների կառուցման ծրագրին փետրվարի 8-ի դրությամբ արդեն հաստատվել է 419 հայտ, որակավորվել է 214-ը։
Փաշինյանը նշել է, որ այժմ այդպիսի միտում էլ կա, այլ բնակավայրերից մարդիկ գնում են սահմանամերձ գյուղում հող ձեռք բերում և ցանկանում դառնալ ծրագրի շահառու։
Պատասխանատուները նշել են, որ սահմանափակում չկա:
«Ընդ որում՝ ես, որ շփվում եմ մարդկանց հետ, սա բազմակողմ էֆեկտներ ունի, որը չգիտեմ ինչքանով ենք մենք հաշվարկել, բայց առաջինը՝ նախ մարդիկ գյուղերում չեն թողնում, որ իրենց ժողովուրդը գնա արտագնա աշխատանքի։ Ասում են` պիտի մնաք, մեր տները կառուցեք։ Երկրորդը, տնտեսական ակտիվություն է բերում, որովհետև այն ժամանակ, երբ մի տուն է կառուցվում գյուղում, մարդիկ գնում են մարզկենտրոնից, կամ Երևանից, այսպես ասած, իրենց անհրաժեշտ առևտուրն անում են, բերում գյուղ։ Հիմա, քանի որ գյուղերում մի քանի տուն է կառուցվում, արդեն ծառայություններ և բիզնեսներ են ի հայտ գալիս: Մանրածախը գալիս է գյուղ, որովհետև տեսնում է, որ պրոցեսներ կան։ Եվ նաև այդ պրոցեսները ես շատ կարևոր և օգտակար եմ համարում։ Նույնիսկ եթե իրենք հովեկի կարգավիճակով են այդ տունը կառուցում, ամառվա ընթացքում, տարվա ընթացքում մի քանի անգամ գնացին գյուղ՝ հավ են առնելու, ձու են առնելու, միս են առնելու, մածուն են առնելու, և դա կարող է գյուղի տնտեսական ակտիվացման շատ էական էֆեկտ ունենալ։ Եվ այո, հյուրատներ էլ են կառուցում, որը նորմալ է։ Կարծում եմ, որ այո, մենք այդ ծրագիրը պետք է հնարավորինս արդյունավետ իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան