Երևանում պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել էր, որ նախնական տվյալներով տուժածներ չկան, մեկ հրշեջ և մեկ քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցույց տրվել։
«Համացանցում լուրեր կային տարածված, որ պայթյուն է եղել։ Նախնական տվյալներով, պայթյուն չի եղել»,- ասել էր Ն. Սարգսյանը։
Պահեստայիան տարածքում պահվում են տարբեր ապրանքներ՝ սննդամթերք, շինարարական ապրանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Պայթյուն չի եղել, ծխահարվածներ կան․ ՆԳՆ-ն` Երևանում պահեստային տարածքում բռնկված հրդեհի մասին
- Հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում