Յուրաքանչյուր մեկ կտոր հողի համար պատրաստ եմ ցանկացած գործողության․ Գրիգորի Գրիգորյան
«Անչափ վատ եմ վերաբերում այն երևույթին, երբ ուզում են դպրոցներից հանել փառքի կամ մեր հերոսներին նվիրված անկյունները»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Գրիգորի Գրիգորյանը։
«Հերոսների նկարները հանելով, պատմության գիրքը կամ Սահմանադրություն փոխելով ոչնչացնում ենք ինքնարժեքները։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Հայաստանի հանրապետությունը կորցնելու վտանգի առջև ենք կանգնած։ Այս իշխանությունները հենց դա էլ իրականացնում են, որպեսզի վաղը, մյուս օրը պետական մակարդակով իրենց դեմ՝ որպես ազգի դավաճանների, չկարողանա դատական գործընթացներ սկսել։ Կոչնչացնեն երկիրը, փողերը կվերցնեն ու գնան այլ երկրներում աղայավարի կապրեն։ Թեպետ չեն կարող ապրել, քանի որ հայ վրիժառուների ձեռքերն իրենց էլ կհասնի»,-ասաց նա։
Ազատամարտիկը կարծում է, որ իրավիճակն օրհասական է,քանի որ կանգնել ենք Հայաստանը կկորցնելու վտանգի առջև։
«Ելքն ազգային միասնության և վճռական գործողությունների մեջ է։ Պատրաստ եմ ցանկացած ազգային մտածելակերպով մարդկանց միանալ ՝ հանուն Հայրենիքի։ Յուրաքանչյուր մեկ կտոր հողի համար պատրաստ եմ ցանկացած գործողության, միայն թե ազգս փրկվի։ Չեմ ասում,թե պատրաստ եմ զոհվելու, ես ուզում եմ պայքարել ու հաղթել, նաև վայելել իմ հաղթանակը»,- հավելեց Գրիգորյանը։
Դիտարկմանը,թե արդյո՞ք հիմա հասարակությունը կկանգնի ոտքի՝ ընդդիմանալով գործող իշխանության քայլերին, Գրիգորյանը պատասխանեց․
«Այստեղ խնդիրը ժողովրդի մեջ չէ, այստեղ ազգային համախմբում է պետք ։ Ժողովրդի գլուխն այնքան են լվացել ու փողով առել, որ շատերը դարձել են «տաքսու շոֆեր»։ Կան հայրենասերներ մարդիկ, օրական մեկին տանում փակում են բերդում, մյուսը սրտի կաթվածից է մահանում, կամ էլ գլուխն են ուտում»։
Ամեն դեպքում, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահն այն համոզմանն է, որ Հայաստանի իշխանությունների փոփոխությունը կարող է զսպել Ադրբեջանին։
«Ադրբեջանն իրենից բան չներկայացնող երկիր է։ Մենք, երբ ցանկանանք, կարող ենք զսպել ու «չափալախելով» անցնել։ Պարզապես այդ «չափալախողներն» այսօր նստած չեն երկրի ղեկավար աթոռներին։ Երբ մենք էին «չափալախում», ադրբեջանցիները փախնում էին։ Ադրբեջանին ցանկացած ժամանակ կարող ենք զսպել, բռունցքով խփել Ադրբեջանի գլխին ու Ղարաբաղն ազատագրել»,- կարծում է ազատամարտիկը։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ըստ Գրիգորյանի Թուրքիան բացահայտ առճակատման չի գնա Հայաստանի դեմ։
«Այո, Թուրքիան կարող է Ադրբեջանին օգնել, ինչպես 44-օրյայի ժամանակ։Մենք տեսանք, թե ինչ կատարվեց։ Նրանք պլանավորել էին Ղարաբաղը 5-7 օրում գրավել, բայց պատերազմը տևեց 44 օր, այն էլ Արցախի միայն 10 տոկոսն էին գրավել, մնացածը միայն դավաճանական հիմունքներով է հանձնվել։ Թուրքիան էլ, Իսրայելն էլ, Պաղեստինն էլ միացան Ադրբեջանին ու 44 օր չկարողացան հայ զինվորի ոգին կոտրել։ Հայ զինվորի ոգին կոտրվեց մեր ներսում, ներքին դավաճանության արդյունքում»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան