ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու գործարքին
ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիայի հետ 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և նրա ունեցած F-16 կործանիչների արդիականացման գործարքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին Անկարայում ամերիկյան դեսպանատունն է հայտնել իր X-ի (նախկին Twitter) էջում։
«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը և 79 արդիականացմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայի F-16-ները չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա փոխգործունակությունն ապահովելու համար»,- դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասել է դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքը։
Ինչպես նշում է TRT հեռուստաալիքը, թուրքական հայտի վերանայման երկշաբաթյա գործընթացը, որը սկսվել էր հունվարի 26-ին, ավարտվել է գործարքի հետագա իրականացման համար առանց որևէ խոչընդոտի։ Այս ընթացքում կոնգրեսականները կարող էին առարկություններ ներկայացնել, այն արել էր միայն սենատոր Ռենդ Փոլը (R-Ky.)՝ իր առարկությունը փոխանցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, նրա դիմումը հետագա ընթացք չի ունեցել մինչև թուրքական հայտի քննարկման ժամկետի ավարտը։ Այսպիսով, ԱՄՆ օրենսդրության տեսակետից Թուրքիային կործանիչների վաճառքն ավարտին հասցնելու համար խոչընդոտներ չեն մնացել։
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղարությունը հավանություն է տվել F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային
- Բայդենը գրավոր հրաման է ուղարկել ներկայացուցիչների պալատ՝ F-16 կործանիչների Թուրքիա ուղարկման գործընթացի մասին
- Թուրքիան ցանկանում է F-16-ի շարժիչներ արտադրել և դրանցով զինել իր նոր սերնդի կործանիչները
- Թուրքական F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան