ՌԴ քաղաքացին Volkswagen-ով 13-ամյա տղայի է վրաերթի ենթարկել
Փետրվարի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 40-ամյա Համլետ Հ.-ն, իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի 6/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ, 13-ամյա Աշոտ Մ.-ին։ Վրաերթի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց։
Վթարի մասին ոստիկանության Մուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի տեղեկություններով երեխան ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։