Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի հարսի ու մյուս կնոջ խափանման միջոցը
Դատախազը փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
Առևտրային կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Վաղը Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը ազատ է արձակվելու
- Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն. Ֆրենք Փալոն