Երջանկությունը ոչ թե մեր սեփական ցանկություններին տուրք տալն է, այլ երբեմն զերծ մնալու այդ ցանկություններից. Արշակ Սրբազան
Նախօրեին՝ Բուն բարեկենդանի տոնի առիթով, Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել։ Բուն բարեկենդանին հաջորդում է քառասնորդաց պահեցողության շրջանը, որը կշարունակվի մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ս. Հարության տոնն այս տարի կնշվի մարտի 31-ին։
Բուն բարեկենդանը հավատյալին հիշեցնում է Ադամի ու Եվայի դրախտային ու անհոգ կյանքի մասին։
«Կյանքն այն չէ, որ ուզած բանն անպայման կարելի է անել։ Կան բաներ, որոնց պետք է հետևել, դրանց վնասն ու առավելությունները իմանաս, զգաս»,- «Շողակաթի» հետ զրույցում ասում է Տեր Զատիկ վարդապետ Պապիկյանը։
Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր քարոզում ասում է. «Դու կարող ես լինել առողջ, հաջողակ, հարուստ, ճանաչված, բայց չլինել երջանիկ։ Ինչո՞ւ։ Երևի թե մենք երջանկությունը փնտում ենք ոչ այն տեղերում, ուր իրապես պետք է նրան փնտրել։ Ահա այսօր այդ իրական երջանկությունը բացահայտելու օրն է։ Երջանկությունը ոչ թե մեր սեփական ցանկություններին տուրք տալն է, այլ երբեմն զերծ մնալու այդ ցանկություններից»։
Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն ասում է, որ Մեծ պահքի շրջանը յուրօրինակ մի ճանապարհորդություն է։
«Եկեղեցին, բնականաբար, յուրաքանչյուրին ուղեցույց է տալիս, բայց այդ ուղեցույցը յուրաքանչյուր անձ պետք է ինքնուրույնաբար իրականություն դարձնի իր կյանքում։ Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը չափազանց լավ գիտե, թե մենք ինչի կարիքն ունենք»։
Մանրամասն՝ «Շողակաթ»-ի տեսանյութում։