Պաշտոնեական դիրքի չարաշահում․ ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ ծառայողը
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված` արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում փետրվարի 11-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Խ․Մ․-ին։
ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով։
Ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Խ․Մ․-ն խոստովանել է, որ հայտնաբերված հեռախոսներից մեկն իր սեփական օգտագործմանն է, իսկ երկուսը գումարի դիմաց պետք է փոխանցեր կալանավորված անձ Մ․Գ․-ին։
Խ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։