Վերջին՝ «Քառման» հրաբուխ» բնության հուշարձանի ցուցանակը տեղադրել ենք սեպտեմբերի 24-ին, 27-ին պատերազմը սկսվեց.Վահրամ Հայրապետյան
Արցախի ժողովրդի դեմ վերջին ռազմական ագրեսիայի նախապատրաստությունն Ադրբեջանը սկսեց կեղծ բնապահպանական ակցիաներով։ Ինչպես հետո պարզվեց՝ «բնապահպանների», իրականում՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից Բերձորի միջանցքի փակումը, ոչ թե քարոզչական նպատակներ էր հետապնդում, այլ նպատակաուղղված էր թուլացնելու Արցախի Հանրապետությունը, որպեսզի ռազմական ագրեսիայով հայաթափեն հայկական բնօրրանը։
Իրականում Արցախում շատ բարձր մակարդակի վրա էր դրված հայրենի հարուստ բնաշխարհի պահպանության գործընթացը։Անկախության առաջին օրվանից Արցախի պետական համակարգում ձևավորվեց բնապահպանության գործառույթ իրականացնող միավոր՝ վարչություն, որը հետագայում նախարարության կարգավիճակ ստացավ, այնուհետև՝ կոմիտեի։ Արցախցին շահախնդրորեն է վերաբերվել իր հազարմյա բնօրրանի հարուստ կենդանական և բուսական աշխարհի պահպանությանը։ Այսօր ինչպես պատմամշակությանին ժառանգությունը, այնպես էլ բնության հուշարձանները մնացել են թշնամու ձեռքում, որը բարբարոսաբար է վերաբերվում դրանց հետ։
Դրախտային բնաշխարհի պահպանության ուղղությամբ Արցախի Հանրապետության իրականացրած աշխատանքների մասին Panorama.am-ը տեղեկացավ գաղթի ճանապարհը բռնախ Արցախի բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հայրապետյանից.
«Հատկապես վերջին տարիներին բնապահպանության կոմիտեն բնապահպանական հարցերին բավականին լուրջ ուշադրություն էր դարձնում։ Այն ինքնանպատակ չէր, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո մենք բազմաթիվ կենդանատեսակներ կորցրեցինք։ Կենդանիներին, որպես հանգստություն սիրող, մարդուց հեռու բնակվող առանձնյակներ, միշտ խաղաղ միջավայր էր պետք, իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար օգտագործվող տարաբնույթ զենքերը բացասաբար էին անդրադառնում էկոլոգիայի, այդ կենդանիների թվաքանակի, դինամիկայի վրա։
Վերջին շրջանում կրկին Ադրբեջանի կողմից ստեղծվեց բնապահպանական աղետ, քանի որ օգտագործեցին ֆոսֆորական զենքեր։ Նրանք այն օգտագործեցին Մարտակերտի շրջանի Ջրաբերդ կոչվող տարածքում, Չանախչի և Սառնաղբյուր գյուղերի անտառներում, որտեղ և անտառածածկ տարածքներն են հրդեհվել և մի շարք կենդանատեսակներ են այրվել դրա հետևանքով։
Մինչև Արցախից արտաքսվելը, մենք փորձեցինք նաև գնահատել Երից Մանկանց և Ջրաբերդի հատվածում տված կորուստները։ Այնտեղ ունեինք մայրահավ, որն անտառաբնակ թռչուն է և անտառենրի ավերման արդյունքում նրանք անհետացան։ Այնտեղ արդեն չկային վարազները, այծյամները, որոնք ժամանակին լավ տարածված էին, իսկ բեզոարյան այծերն արդեն լքել էին այդ հատվածները։ Նման վնասներ է հասցրել Ադրբեջանը միայն բնությանը։
44-օրյա պատերազմից հետո հիմնականում զբաղվում էինք վնասների գնահատմամբ։ Մեզ բռնի տեղահանելուց հետո չկարողացանք լիարժեք գնահատել, թե ինչպիսի վնասներ նաև մյուս տարածքներին էր հասցվել Ադրբեջանի կողմից սանձազերծված այդ պատերազմը...
Արցախի կառավարության որոշումով հաստատվել էր 28 բնության հուշարձան և նրանց ցուցանակները բոլորը տեղակայել էինք։ Վերջին ցուցանակը որ դրել էինք ««Քառման» հրաբուխ ( Քարմանբեքթափե լեռ) բնության հուշարձանին էր, որը Քարվաճառի շրջանում էր, այն արել ենք սեպտեմբերի 24-ին, իսկ 27-ին պատերազմն է սկսվել։ Հաջորդը, որը պետք է տեղադրեինք, «Թաղարնի» կոչվող պուրակում էր։ Որպես բնության հուշարձան Մարտունու շրջանում Խազած բարձունքում է թաղարնիների պուրակը և պետք է այնտեղ ցուցանակը դնեինք, բայց արդեն չհասցրեցինք...»,- ասաց Վահրամ Հայրապետյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Տիգրանյանի ձեռք բերած՝ Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման փաստերը կներկայացվեն միջազգային դատարաններ
- Ադրբեջանն Արցախում ոչնչացնելով հուշարձանները՝ խեղաթյուրում է Արցախի բնակավայրերի ինքնությունն ու ինքնատիպությունը. Ավանեսով
- Աշխարհից շուրջ 150 գիտնական Արցախի հուշարձանների փրկության առնչությամբ դիմել է Պապական աթոռի պետքարտուղարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան