Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Միրզոյան
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստից հետո իր մամուլի հայտարարության մեջ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերին.
«Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և դրանից դուրս առկա անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել ենք այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ մեր տարածաշրջանում խաղաղ և անվտանգ միջավայր ստեղծելու ջանքերում։
Վերահաստատել ենք Հայաստանի հանձնառությունը պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են 2022թ. հոկտեմբերին Պրահայում և անցյալ տարվա աշնանը Գրանադայում քառակողմ հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում, ինչպես նաև 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարված պայմանավորվածություններին:
Շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և Խորհրդային միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները պետք է վերարտադրվեն տեղում։
Նաև ընդգծել եմ համաձայնեցված հիմնարար սկզբունքը, ըստ որի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։
Այս համատեքստում ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ մտքեր ենք փոխանակել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա իրականացման շուրջ՝ որպես խաղաղության օրակարգի մաս և մեր տարածաշրջանում փոխկապակցվածությունը խորացնելու իրական հնարավորություն։
Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանին և հավատարիմ կմնա նշյալ պայմանավորվածություններին։ Հայաստանն ունի նման քաղաքական կամք:»
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին. Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների
- Էլչին Ամիրբեկովի հայտարարությունից հետո ԱԳՆ կայքից հանել են ԼՂ խնդրին վերաբերող էջը
- Թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում. ՀՀ ԱԳՆ
- ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորհավորկան ուղերձ է հղել Իրանին Ազգային տոնի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին