«Ժողովուրդ». Իշխանականները վտանգ են զգում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. նախագահությունում նստած է եղել նաև Վահե Ղալումյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները փոխքաղաքապետի հետ քննարկել են տրանսպորտի թանկացման նախագիծը:
Հիշեցնենք, որ հանրության շրջանում բարձրացած մեծ աղմուկից հետո իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ, որպեսզի փոքր-ինչ պարպեն դժգոհությունների մեծ ալիքը:
Իշխանականները վտանգ են զգում, որ ավտոկայանատեղիների թանկացումից հետո տրանսպորտի գնի կտրուկ թանկացումը լուրջ կրքեր է բորբոքելու հանրության շրջանում, ու այլևս իրենք էլ չեն կարողանա վերահսկել իրավիճակը, ուստի որոշել են զիջումների գնալ, օրինակ՝ նվազեցնել ուղեվարձի թանկացման չափը:
Երեկ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը տրանսպորտի թանկացման նախագծի «համակարգողներից է», ՔՊ-ականներին ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել նախագծում, որպեսզի այն սեղմ ժամկետում ամբողջական տեսքի բերեն ու կրկին ներկայացնեն ավագանու նիստին:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, իշխանական պատգամավորներն էլ կիսել են տեսակետը, որ իրավիճակը ավելի չբորբոքելու համար պետք է որոշակի զիջումների գնալ, ձեռնպահ մնալ առայժմ թանկացումներից կամ դա անել անցումներով՝ ոչ միանգամից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։