Ինչո՞ւ է փորձագետը շնորհավորել քննիչներին ու չի շնորհավորել փաստաբաններին. Աթանեսյանի հարցին առարկեց դատախազը
Նարեկ Մալյանի գործով դատական այսօրվա նիստի ընթացքում փաստաբանները փորձագիտական եզրակացություն ներկայացրած մասնագետից՝ Անի Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչու փորձաքննության ընթացքում չի հանդիպել ու զրուցել Նարեկ Մալյանի հետ, չի եղե՞լ ամբողջականությունը ստուգելու անհրաժեշտություն։
Մասնագետն ասաց՝ խոսքն ամբողջական է այս հատվածի շրջանակում, դրան կարող է նախորդել ու հաջորդել խոսք, որը լրացուցիչ հետազոտության նյութ է։
«Խոսքի հետազոտության ժամանակ ստուգվում է կոնկրետ ժամանակում հստակ ֆիքսված տեսանյութում կամ տեքստում վկայակոչված տեքստը։ Եթե այն կիսատ լիներ և պատասխանելու առումով հնարավորություն չլիներ, եզրակացություն չէր տրվի»,-ասաց Անի Վարդանյանը։
Մելիքյանը հետաքրքրվեց, արդյոք փորձագետն անցել է վերապատրաստում, որը վերաբերում է քաղաքական թույլատրված խոսքն արգելված, ատելության խոսքից տարբերելուն։
Փորձագետի խոսքը լսելուց ու պատասխանը չստանալուց հետո, Նարեկ Մալյանը տեղից արձագանքեց՝ «Անցե՞լ եք, թե՞ ոչ»։
«Հարգելի դատարան, ես խնդրում եմ փորձագետին խնդրել, որ ուղիղ հարցերին ուղիղ պատասխանի»,-դատավորին խնդրեց Մելիքյանը։
«Այս հարցն ընդարձակ պատասխան է ենթադրում, քանի որ որևէ հոգեբան մասնագետի վերապատրաստման հիմք չի հանդիսանում։ Ես շատ վերապատրաստումներ եմ անցել, և չեմ անցել... Ոչ»,-ասաց փորձագետը։
«Միայն ոչ պետք է ասեիք»,-ասաց Մալյանը։
«Ես շատ լավ գիտեմ, ինչ պետք է ասեմ»,-պատասխանեց փորձագետը։
«Դո՞ւք եք փորձագետը։ Եկեք, այստեղ կանգնեք ու խոսեք ձեր իսկ տված հարցերի շուրջ»,-միջամտեց դատավորը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հիշեցրեց, որ փորձագետ Անի Վարդանյանը քննիչների տոնին շնորհավորել է քննիչներին։
«Ինչքանով կարող էր կիրթ մարդը գովասանք անել, արել եք։ Միևնույն ժամանակ փաստաբաններին չեք շնորհավորել։ Քննիչների նկատմամբ ունե՞ք հատուկ վերաբերմունք։ Ուզում էի իմանալ, փաստաբանների ու քննիչների նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեք, ընդգծված լավ կա՞մ վատ»,-հարցրեց Աթանեսյանը։
Հանրային մեղադրողն առարկեց հարցին, ասաց՝ հարցը փորձագետի եզրակացությանը չի վերաբերում։
Դատավորը հարցրեց՝ եզրակացությունը կազմելիս այս կամ այն մարմնի նկատմամբ տարբերակված մոտեցում ունի՞։
Ի պատասխան, փորձագետն ասաց՝ անձնային մոտեցում չկա, չի եղել դեպք, երբ մտածեն՝ ինքը փաստաբանի նկատմամբ ոչ հարգալից է։
Աթանեսյանը հետաքրքրվեց՝ փորձագետն ինչքա՞ն գումար է ստացել պետական բյուջեից Քննչական կոմիտեի, արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակում։ Դատավորն ասաց՝ հարցը հանված է։ Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին