ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին. Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների
«Խստորեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցություններ»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի ատաքին գործերի նախարարությունը՝ հիշեցնելով, որ փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր:
«Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որը նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ:
Ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Խստորեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական Գոռ Ասատրյանը
- ՄԻՊ. Ներքին Հանդում բնակիչներն ահաբեկվել են, հայտնվել տագնապային վիճակում
- ՊՆ-ն հաստատեց. թշնամու կրակոցներից հայկական կողմն ունի 4 զոհ
- ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը
- Թշնամու կրակի հետևանքով Ներքին Հանդի ուղղությամբ ունենք 2 զոհ և վիրավորներ