Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան
Երեկ դատախազի որոշմամբ փոխվեց «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության գնումների մասնակցության գործով երկու մեղադրյալի խափանման միջոցը այն պատճառաբանությամբ, որ նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը։
«Այս առարկայազուրկ գործի շրջանակներում, մեր առաջնահերթ խնդիրը հիմա Աշոտ Հովհաննիսյանի կալանքը փոխելն է։ Նորից պետք է ընդգծեմ, որ այս ենթադրյալ հանցանքի էությունը կայանում է նրանում, որ իբրև Էկոնոմիկայի նախարարությունում մի պաշտոնատար անձ չարաշահել է իր լիազորությունները, իսկ մեր վստահորդները դրդել և օժանդակել են այդ լիազորությունները չարաշահելուն։ Հիմա մեղադրյալներից ոչ ոք կալանավորված չէ, բացառությամբ ընկերության 71-ամյա ղեկավարի։ Այսինքն՝ իրավապահ համակարգի գործելաոճը դառնում է և’ ապօրինի, և՛ խտրական», -նշել է փաստաբան Գոռ Օհանյանը։
Փաստաբանները պատրաստակամություն են հայտնում առաջիկայում առավել հանգամանալից հանրությանը ներկայացնել գործի հանգամանքների էությունը և ապացուցել, որ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների կողմից որևէ հանցավոր արարք չի կատարվել։
«Ամեն մեծ ու փոքր թվի համադրություն չէ, որ հանցանքի մասին է վկայում։ Մենք անպայմանորեն կանդրադառնանք թե՛ գնումների կատարման չափորոշիչները որոշելու կարգին, թե՛ գնագոյացմանը, թե’ մրցույթի անցկացման կարգին, առաջացած հետևանքներին և կապացուցենք, որ այստեղ քրեորեն հետապնդելի արարք չկա։ Այս ամենը թեև բարդ կլինի մեկ պարզ նախադասությամբ ներկայացնելը, այդուհանդերձ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հանրության մոտ ոչ մի բաց հարց չմնա։ Մինչ այդ անհրաժեշտ է օր առաջ փոխել ապօրինի և խտրական իրադրության մեջ հայտնված վաստակաշատ և տարեց մարդու խափանման միջոցը», - նշել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։