Հովհաննես Թումանյանը սուրբ մասունք է, նրա հետ կապված ամեն ինչ պետք է չափազանց խնամքով ու զգույշ արվի. Թանգարանի տնօրեն
Փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակը: Թումանյանի թանգարանը նախաձեռնել է միջոցառումների շարք, որոնց նպատակը պոետի թողած ժառանգության հանրահռչակումն ու հանրայանցումն է։ Սակայն միջոցառումները Թումանյանի թանգարանում չեն լինի, այլ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում։
Թումանյանի թանգարանում այժմ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Panorama.am-ի հետ զրույցում Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանն ասաց, որ ըստ նախագծի, թանգարանը պետք է վերաբացվի 2026 թվականի մարտին։
«Թանգարանի գլխավոր մասում ներքին հարդարման աշխատանքներ են, իսկ հետնամասն արդեն նոր նախագծով է վերակառուցվելու»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է փետրվարի 19-ի միջոցառումներին, Լ. Ղարախանյանն ասաց. «Բոլոր միջոցառումները նպատակաուղղված են Թումանյանի ժառանգության հանրահռչակմանն ու հանրայնացմանը, Թումանյանը որպես ազգային արժեհամակարգ քարոզելուն»։
Թեև միոցառումները հենց Թումանյանի թանգարանում չեն, սակայն կազմակերպիչները լուծում են գտել՝ տպավորություն ստեղծել, որ հենց բանաստեղծի թանգարանում են։
«Թումանյանի թանգարան շենքի մակետը բացվելու է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանի վրա և անմիացիոն լուծումներով ստանալու ենք ճամփորդ հոգու գաղափարը՝ նկատի ունենալով Թումանյանի հոգու ճամփորդությունը։
Ելույթ է ունենալու «Գեղարդ» երգեցիկ խումբն ու «Ethno Color» բենդը և կարծեք համերգը հենց Թումանյանի թանգարանի շենքի առջև է»։
Փետրվարի 19-ին նախատեսված են նաև ցուցահանդեսների բացում, Հովհ. Թումանյանի ԵԼԺ 5-րդ հատորի շնորհանդեսը։
«Քանի որ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանն է հյուրընակելել Թումանյանի թանգարանին, Թումանյան-Մաթևոսյան ցուցադրություն է լինելու, ներկայացվելու են, թե որտեղով են ճամփորդել Հովհաննես Թումանյանն ու Հրանտ Մաթոևսոյանը։ Դա էլ հետաքրքիր լուծումներով արտացոլված կլինեն կտորների ու ապակիների վրա»,- ասաց Լ.Ղարախանյանը։
Ողջ օրվա ընթացքում թանգարանի հիմնական՝ Մոսկովյան 40 հասցեում հնչելու են Թումանյանի ստեղծագործությունները, իսկ 20:30-ից ցուցադրվելու են թանգարանի կողմից ստեղծված ֆիլմերը:
Լուսինե Ղարախանյանը 2023 թ. նոյեմբերին է նշանակվել թանգարանի տնօրենի պաշտոնակատար և առաջին անգամ է, որ իր տնօրինության օրոք կազմակերպվելու են մեծ բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումներ։
«Շատ տարբեր զգացումներ ունեմ, բայց ամենից առաջ՝ պատասխանատվության զգացում, քանի որ Թումանյանը շատ հզոր է, մեծ է, սուրբ մասունք է, դրա համար ինչ կապված է Թումանյանի հետ, պետք է չափազանց խնամքով ու զգույշ արվի»,- ասաց նա։