Կոտայքում հանցագործության դեպքերն ավելացել են, բացահայտումները՝ նվազել
Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 3102 դեպք (2022 թվականին՝ 2519 դեպք): Հանցագործության դեպքերն աճել են 583-ով կամ 23,1%-ով. բացահայտման ցուցանիշը նվազել է՝ 29,2%՝ 2022 թվականի 47,1%-ի դիմաց: Կոտայքի մարզի դատախազություն այցելած Աննա Վարդապետյանին նման տվյալներ է ներկայացրել մարզի դատախազ Սևակ Պողոսյանը։
Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է առանձնապես ծանր հանցանքների 42 դեպք (2022 թվականին՝ 29). դեպքերն աճել են 13-ով կամ 44,8%-ով, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 38,3%՝ 2022 թվականի 54,8%-ի դիմաց:
Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ անդրադառնալով սպանությունների, սպանության փորձերի և ավազակային հարձակումների դեպքերին՝ մարզի դատախազը հայտնել է, որ 2023 թվականին արձանագրվել է ավազակային հարձակման 9 դեպք՝ նախորդ տարվա 6-ի դիմաց, այսինքն 3 դեպքով կամ 50 %-ով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 11,1%՝ 2022 թվականի 100%-ի դիմաց:
Սպանության (առանց հանկարծամահության) դեպքերը նվազել են 1-ով՝ կազմելով 8 (2022 թվականին՝ 9): Բացահայտման ցուցանիշը կազմել է 50%՝ 2022 թվականի 88,9%-ի դիմաց:
2023 թվականին նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները. 2023 թվականին արձանագրվել է 63 դեպք (2022 թվականին՝ 92):
Նվազել են բնակարանային գողության դեպքերը. մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է բնակարային գողության 105 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 128-ի դիմաց: