«Հայասաթ-1»-ից ստացվող ազդանշաններով իրականացվում է տվյալների նախատեսված վերլուծություն
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից հայտնում են․
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայասաթ» թիմը բարեհաջող գրանցում է արբանյակի ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծությունը։ Թիմը շատ ոգևորված է, քանի որ այդ աշխատանքները, ինչպես նաև օրինաչափորեն ծագող որոշակի դժվարությունները հանդիսանում են կրթական, հետազոտական և նոր բացահայտումների անփոխարինելի հարթակ»։
Ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, ծրագրի ամբողջ շղթան իրականացվում է «Բազումք» Տիեզերական Հետազոտությունների Լաբորատորիա հիմնադրամի և Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոն հիմնադրամի (CSIE) համագործակցությամբ։
«Հայասաթ-1» արբանյակը CubeSat ձևաչափի փոքր՝ մեկ միավորանոց (10սմ x 10սմ x 10սմ) արբանյակ է, այն զինված է արևային վահանակներով, տարբեր կողմերից եկող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսական դարձիչներով, տարբեր մոդուլների (էլեկտրասնուցման և կապի մոդուլներ և բորտ-համակարգիչ) առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։
Արբանյակն ունի նաև երկրորդային օգտակար բեռ, որի միջոցով տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU), որը Երկրի վրա իր չափումների ճշտությամբ ավելի լավ է դրսևորում իրեն, քան քյուբսաթերում օգտագործվող նմանատիպ սարքերը, ինչի համար էլ այն տեղադրվել է «Հայասաթ-1»-ում՝ տիեզերքի պայմաններում փորձարկելու համար։
Արբանյակի հետ երկկողմանի կապը ապահովվելու է «Բազումք»-ի տարածքում գտնվող վերգետնյա կայանքի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Հայասաթ-1-ը իռլանդականից 2 անգամ փոքր է . Հրանտ Խաչատրյան
- «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
- «Հայասաթ-1»-ն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան