Հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանը Մոսկվայում հյուրանոցային բիզնես է սկսում. «Հետք»
«Հետք»-ը գրում է.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին (2002-2018 թթ.) նախագահ, ԱԺ նախկին (2003-2012 թթ.) պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը, որը Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում է, ընկերություն է հիմնել Մոսկվայում:
«ՌՌՌ» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել մեկ ամիս առաջ՝ հունվարի 10-ին: Գլխավոր տնօրենը Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանն է: ՍՊԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը հյուրանոցային բիզնեսն է, այլ ոլորտների թվում նշված են բնակելի եւ ոչ բնակելի շենքերի շինարարությունը, մասնագիտացված շինարարական գործունեության որոշ տեսակներ, ռեստորանային ծառայությունները, խմիչքների մատուցումը, զբոսաշրջային գործակալությունների գործունեությունը, մերսման սրահների, ֆիթնես սրահների գործունեությունը, վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների գործունեությունը եւ այլն:
Դատելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ Ռուբեն Հայրապետյանը հյուրանոցային բիզնես է սկսում Մոսկվայում:
Հայրապետյանի ընկերությունը գրանցված է Ռուսաստանի մայրաքաղաքի Ռամենկի շրջանում՝ Մոսֆիլմովսկայա 70 հասցեի նորակառույց բարձրահարկերից մեկում:
Մոսֆիլմովսկայա 70-ը 7 մասնաշենքերից բաղկացած բնակելի համալիր է, որը շահագործման է հանձնվել 2005-ին: Համալիրը կոչվում է «Воробьевы горы» (թարգմանաբար՝ ճնճղուկների սարեր): Չի բացառվում, որ Հայրապետյանը բնակվում է հենց այս համալիրում եւ իր նորաստեղծ ընկերությունն էլ գրանցել է իր բնականարում:
Ընդ որում՝ Հայաստանում էլ Հայրապետյանը նույն անունով ընկերություն ունի: Խոսքը ««ՌՌՌ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի մասին է, որն առավել հայտնի է «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերով: Այս ընկերության միակ բաժնետերը գործարարի որդին է՝ Ռաֆիկ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանում հետախուզման մեջ է: Նրա անցնում է երկու քրեական վարույթներով, որոնցից մեկը քննում է Քննչական կոմիտեն, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
- Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն