«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ընդդիմությունը որոշում՝ թե ով պետք է մեկնի գործուղման
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանական պատգամավորների հետ առաջիկայում գործուղումների են պատրաստվում մեկնել նաև ընդդիմադիր պատգամավորները: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ կայքից տեղեկացավ, որ փետրվարի 21-24-ը ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Սարգիս Խանդանյանի, Մարիա Կարապետյանի, Լիլիթ Մինասյանի հետ Վիեննա կմեկնի նաև «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը:
Փետրվարի 14-17-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաև Գեղամ Մանուկյանը:
Իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը որոշում՝ թե ով պետք է մեկնի գործուղման. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պատվիրակության կազմում ընդգրկվում են այն պատգամավորները, որոնք տվյալ երկրների բարեկամական խմբերում են ընդգրկված։
«Հիմնականում ԱԺ-ից խմբակցության ղեկավարությանն են հարցնում՝ ովքեր ընդգրկվեն, իսկ շատ դեպքերում ԱԺ նախագահն ինքնուրույն է որոշում։ Օրինակ՝ եղել են դեպքեր, որ ես պետք է պատվիրակության կազմում մեկնեի ՌԴ, բայց ինձ չեն ընդգրկել, այսինքն՝ ԱԺ նախագահը, դատարանի փոխարեն, որոշում է կայացրել, ու ես նրան էլ այս մասին ասել եմ», – ասաց նա:
Նկատեցինք նաև, որ ընդդիմության կազմից գործուղումների մեկնում են հիմնականում «Դաշնակցության» ներկայացուցիչները. հատուկ որոշում կա արդյոք նրանց մասով խմբակցությունում, որ միայն «Դաշնակցության» ներկայացուցիչները պետք է լինեն պատվիրակությունների կազմում. մեր այս հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Խմբակցության ներսում մենք որոշումները չենք կայացնում՝ հաշվի առնելով «Դաշնակցության» անդամ լինել-չլինելը:
Մենք որոշում կայացնում ենք՝ հաշվի առնելով նրանց մասնակցությունը այս կամ այն միջազգային պատվիրակություններում ու բարեկամական խմբերում: Մենք հարգում ենք «Դաշնակցություն» կուսակցությունը, բայց նրանց մասով միակողմանի որևէ որոշում չկա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։