Այսօր դժվար է ինձ խոսք ասել այստեղ՝ կորուստների, նահանջների, հանրային-հասարարական կյանքում ապազգային արշավի այս օրերին․ Մանուկյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«Հայաստանի ԱԺ պատվիրակության կազմում պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվելն առանձնահատուկ է ինձ համար։ Այլ հարց, որ բուլղար ժողովուրդն իր պատմական անցյալով, պայքարով եղբայրական է hայության համար. ընդհանուր ճակատագիր ու ուղի։
Սոֆիա հասնելուն պես անհանար էր յուրաքանչյուր դաշնակցականի համար հայտնի սրբավայրը չայցելել։ Այս երկրում դաշնակցական ավանդույթներով հայտնի դաշնակցական սիրելի ընկերների հետ առաջին իսկ ժամերին ուղղվեցի Սոֆիայի հանրային գերեզմանատուն, ուր ամփոփված են հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոս, ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանը եւ Վռամշապուհ Քենդիրյանը:
Իր շիրիմից փոքր ինչ հեռու, Վիտոշ լեռան լանջերին, իր իսկ առաջարկած ծրագրի՝ արյունարբու սուլթան Համիդի նախատեսված մահափորձի նախապատրաստման ժամանակ էլ, 1905 թվականի մարտի 17-ին ինքնաշեն նռնակի փորձարկման ժամանակ զոհվում է իր գործակից Վռամշապուհ Քենդիրյանի հետ։
Առաջին անգամ եմ նրա շիրիմի առաջ, բայց կարծես ամենօրյա այցիս վայրն է։ Իմ երիտասարդ շատ ընկերներ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ դեռ հեռավոր 1992-ին ՀՅԴ Համահայկական բանակումի օրերին իրենց դաշնակցականի երդումն այստեղ ընդունեցին, ու մի քանի օր հետո արդեն Արցախյան ճակատում էին։
Անցնող երեսուն տարիներին շատ արարողություններ են եղել այստեղ, երբ Քրիստափորին հաշվետու են եղել, որ հայությունը կրկին հաղթում է, ազատագրում է, ունի Արցախի հայկական երկրորդ հանրապետությունը։
Այսօր դժվար է ինձ խոսք ասել այստեղ. կորուստների, նահանջների, հանրային-հասարարական կյանքում ապազգային արշավի այս օրերին։
Բայց ծաղիկներ խոնարհելիս լոկ շշնջացի, որ նվիրված ենք «Հարատև կռվի» իր պատգամին ու հավատարիմ ենք մնում ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔԻ իր նախանշած բանաձևին՝ «Պատռել է հարկավոր քարտեզների վրա այս կամ այն ավազակապետի կամքով գծված սահմանները, ջնջել է հարկավոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից և որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատև են լինում»։
Դաշնակցականի 32-ամյա ուխտս այսօր կրկին տալու օր էր ինձ համար, ու նրա շիրիմի առաջ իբրև Հայոց անկախ պետականության Խորհրդարանի պատգամավոր չէի կանգնած, այլ՝ 1990 թվականի ապրիլի 17-ին, մի քանի ժամ առաջ առաջին անգամ Արցախից վերադարձած ու դաշնակցականի երդումը տվող երիտասարդ։
ՀԳ. Իսկ Քրիստափոր Միքայելյանի մասին առավել հանգամանալից կարող եք դիտել դեռ տարիներ առաջ, նրա նահատակության 100-րդ տարելիցին «Երկիր Մեդիայում» պատրաստված ֆիլմը, որ տեղադրում եմ մեկնաբանություններում»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան