Միլազմի 200 հորթը տարել են Իրան, 30 մլն դրամը չեն վճարել. Դատախազությունը կարճել է քրգործը
Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Միլազմ Ավդոյանը համոզված է՝ դատախազը գումարի դիմաց կարճել է քրեական գործն ու դադարեցրել Ղասեմ Նեժադիի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Panorama.am-ի հետ զրույցում Մ. Ավդոյանը նման պնդում արեց՝ նշելով, որ որևէ այլ կերպ չի կարող բացատրել, թե ինչպես երկու տարի շարունակվող հանրային քրեական հետապնդումը կարող են դադարեցնել, երբ 30 մլն դրամի վնաս է կրել, կեղծել են իր ստորագրությունը։
Միլազմ Ավդոյան
Միլազմ Ավդոյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2021 թվականի հոկտեմբեր ամսին իրեն պատկանող 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ է վաճառել Պարսկաստանի քաղաքացի ազգությամբ թուրք Ղասեմ Նեժադիին, ով չի վճարել վաճառքի գումարը՝ 30.000.000 դրամ գումարը:
Ղասեմ Նեժադի
«Պետք է անասունը հասներ Մեղրիի տամոժնի, իր ներկայացուցիչը տեսներ, որ անասունը հասել է, այնտեղից զանգեին, ասեին՝ հասել է անասունը, ինքը գումարը վճարեր։ Անասունները հասնում են մաքսակետ, զանգում է ինձ, ասում, տիզ կա անասունի վրա, չեն թողնում սահմանն անցկացնեն Պարսկաստան։ Բայց իրականում նա խաբել է, 200 հորթերն արդեն տարել էր Պարսկաստան»,-Panorama.am-ին պատմում է Միլազմ Ավդոյանը։
Վերջինի խոսքով, առքուվաճառքի փաստաթղթերի ներքո իր ստորագրությունը կեղծվել է, կեղծված են եղել նաև այլ փաստաթղթեր, ինչը հիմնավորվել է։ Դրանից հետո ամիսներ շարունակ Ղասեմ Նեժադին Աբդոյանի հեռախոսազանգերին չի պատասխանում, Ավդոյանն էլ դիմում է ոստիկանություն։
Դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում 11.04.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 57169422 քրեական գործը, որն ուղարկվել է Վաղարշապատի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար, գործն ընդունվել է վարույթ և կատարվել է նախաքննություն:
Նախաքննության ընթացքում 17.05.2022 թվականին որոշում է կայացվել Ղասեմ Նեժադիին մեղադրյալ ներգրավելու մասին և վերջինիս մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ղ. Նեժադիի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
«Ինքը Վրաստանից անցնում է Հայաստան, բռնում են։ Բերման ենթարկեցին, խափանման միջոց ընտրեցին ստորագրություն չհեռանալու մասին։ Փաստաթղթերն ուղարկեցին փորձաքննության, տեսան, որ փաստաթղթեր են կեղծվել։ Իր վրա դրեցին խարդախության հոդված՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ։ Համարյա երկու տարի էդ գործը քննվում էր։ Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանն էր ձեռքը դրել էդ գործի վրա, չէր թողնում, որ գործը գնա դատարան։ Էնքան բողոքեցինք, ուրիշներն էլ բողոքեցին, նրան գործից հանեցին։ Հիմա Արմավիրի մարզի դատախազի տեղակալն Էդգար Բաբայանն է, մի քանի օր առաջ քննչականից կանչեցին, գնացի, ասում են՝ Էդգար Բաբայանը գործը փակել է, էդ մարդու նկատմամբ հետապնդումն էլ դադարեցրել է, որ կարողանա էդ մարդը Հայաստանից գնա։ Հարյուր տոկոս կաշառք են տվել»,-ասաց Միլազմ Ավդոյանը։
Գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ վարույթն իրականացնող քննիչը 09.01.2024թ. միջնորդություն է ներկայացրել թիվ 57169422 քրեական վարույթով մեղադրյալ Ղասեմ Աբդուլահ Նեժադիի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ:
Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության և իրենց համակցությամբ` գործի ճիշտ լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է արձանագրել, որ քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով, հնարավոր չի եղել հիմնավորել Ղ. Նեժադիի կողմից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ 30.000.000 ՀՀ դրամ գումարին համարժեք խոշոր եղջերավոր անասուններ հափշտակելու հանգամանքի վերաբերյալ:
16.01.2024թ. որոշում է կայացվել Ղ. Նեժադիի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը)»,-ասացին դատախազությունից՝ ավելացնելով, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքացիաիրավական տիրույթում և ոչ քրեաիրավական։
Այս հիմնավորումներին Ավդոյանը կասկածով է վերաբերում։ Ասում է՝ սպասում են քրեական գործի կարճման վերաբերյալ որոշումը «Հայփոստի» միջոցով ստանալուն, դրանից հետո կխորհրդակցի փաստաբանի հետ, անպայման կբողոքարկեն դատախազի որոշումը։
«Իմ ստորագրությունը կեղծել են, Հայաստանից կեղծ թղթերով արտահանումն արել են, գործը երկու տարի քննվել է, արդեն պիտի գնար դատարան։ Ո՞նց եղավ՝ քաղաքացիական է։ Ես վստահ եմ, որ կաշառք են տվել։ Նաև դատարան ենք դիմելու։ Մինչև վերջ գնալու ենք, խաբել են, անասունը տարել են, մի կոպեկ չեն տվել»,-ասաց Միլազմ Ավդոյանը։
Ինչ վերաբերում է ստորագրությունը կեղծելուն, ապա գլխավոր դատախազությունից փոխանցեցին. «Վարույթի ընթացքում նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որով փորձագետը հերքել է ստորագրությունը կեղծ լինելու հանգամանքը: Ավելին, Ավդոյանի հայրն ընդունել է, որ ինքն է ստորագրել երկրորդ պայմանագիրը»։