Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը կմասնակցի Բեռլինալեին՝ Բեռլինի կինոփառատոնի և Եվրոպական կինոշուկայի հրավերով
Բեռլինի միջազգային կինոփառատոնի և Եվրոպական կինոշուկայի հրավերով, Եվրոպական կինոշուկայի «Բազմազանություն և ներգրավվածություն» ծրագրի շրջանակներում, փետրվարի 15-21-ը՝ Բեռլինալեին մասնակցելու նպատակով, Բեռլին է մեկնելու «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» խորհրդի նախագահ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։ Այս մասին հայտնում են «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ մամուլի ծառայությունից։
«Բազմազանություն և ներգրավվածություն» ծրագիրը իրականացվում է հավասար մրցակցության հնարավորություններից զրկված կինոպրոֆեսիոնալների մուտքը գլոբալ կինոինդուստրիա ապահովելու, թերլուսաբանված կինոհանրությունների ձայնը լսելի դարձնելու և գլոբալ կինոինդուստրիայում խաղի արդար կանոնների հաստատմանը նպաստելու համար։ Հովհաննես Գալստյանի թեկնածությունն առաջադրել է Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր կառույցը՝ EAVE-ն, որը Եվրոպայում գործող ամենախոշոր մասնագիտական կինոհամայնքն է։
Եվրոպական կինոշուկայում հաստատված են երեք տասնյակից ավելի հանդիպումներ կինոինդուստրիայի պրոֆեսիոնալների՝ պրոդյուսերների, վաճառքի գործակալների, կինոփառատոների, կինոինստիտուտների և ֆոնդերի ներկայացուցիչների հետ: Այդ թվում պաշտոնական հանդիպումներ Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր (EAVE) կառույցի գործադիր տնօրեն Սատու Էլոյի և Եվրոպական Պրոդյուսերների Ակումբի (EPC) գործադիր տնօրեն Ալեքսանդրա Լեբրետի հետ։
Հովհաննես Գալստյանը Բեռլինում ներկայացնելու է «Ֆիլմարտադրողների
Համահայկական Ֆեդերացիա» կառույցի ծրագրերն ու նպատակները, կառույցի անդամների կինոնախագծերը։ Մասնավորապես, ինդուստրիայի պրոֆեսիոնալներին է ներկայացվելու նորավարտ «Բեքսթեյջ» (Հայաստան, Գերմանիա, Լյուքսեմբուրգ) ֆիլմի արտադրության փորձը։
«Հիշեցնենք, որ «Բեքսթեյջը» Հայաստանի անկախության շրջանի միակ ֆիլմն է, որը քրեական գործով հետաքննության առարկա է դարձել, ինչի արդյունքում ապօրինաբար կասեցվել է արտադրող ընկերության ֆիլմերի արտադրությունը։ Ֆիլմը էկրան կբարձրանա այս գարնանը»,- նշում են «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ մամուլի ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն, բայց այն, ինչ մեր հետ կատարվում է, թավշյա գենոցիդ է. Հովհաննես Գալստյան
- Հովհաննես Գալստյանի «Բեքսթեյջ» ֆիլմը կներկայացվի Սոֆիայում
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը առաջարկում է վերանայել կինոյի պետական կառավարման մոդելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան