Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող գույքերի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու միջնորդություն է ներկայացվել
«Հետքը» գրում է․
«Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 14-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։
Պատասխանողների ներկայացուցիչները նախորդ դատական նիստին միջնորդել էին Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի անվամբ գրանցված անշարժ գույքերի և ընկերություններում ունեցած բաժնետոմսերի նկատմամբ կիրառված արգելադրումները վերացնել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը դիրքորոշում հայտնեց միջնորդության մասին։ Նրա խոսքով՝ գույքերի իրական շահառուն Հովիկ Աբրահամյանն է։
Պատասխանողները միջնորդության մեջ շեշտել էին այն փաստը, որ արգելանքի տակ են դրված նաև օրինական համարվող գույքեր։ Այս փաստը դատախազը չհերքեց՝ բացատրելով, որ հետագայում կարող են ներկայացվել ապացույցներ, որոնց հիման վրա գույքերի օրինական մասերի հարաբերակցությունը կարող է փոփոխվել։ Բացի այդ՝ Դատախազությունը Հովիկ Աբրահամյանից բռնագանձելու պահանջ է ներկայացրել շուրջ 18 լրդ 750 մլն դրամի չափով, և վճռի կայացումից հետո այդչափ գումարը չհայտնաբերվելու դեպքում, ըստ դատախազի, գումարային պահանջը կարող է բավարարվել նույնիսկ օրինական համարվող գույքի կամ դրա մի մասի հաշվին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։