Այս իշխանություններն ուզում են այնպիսի սերունդ դաստիարակեն, որ ստրուկի պես ծառայի թուրքին. Պետրոսյան
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնող մարմինը «Պահպան՛իր անցյալդ՝ պաշտպանի՛ր ապագադ» նշանաբանով ակցիա է իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
«Մենք պահանջում ենք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի խոտանումը, նաև մյուս դասագրքերի, որոնցով այսօր կրթվում են մեր երեխաները։ Այդ դասագրքերը չեն սովորեցնում տրամաբանություն, չեն տալիս հայեցի դաստիարակություն։
Տպավորությունն այնպիսին է, որ այս ամենն արվում է նրա համար, որ դաստիարակվի մի սերունդ, ով պետք է ստրուկի պես ծառայի թուրքին»,- ասաց Նախաձեռնության անդամներից Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ իրենք պահանջում են նաև ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, քանի որ նա չի չեղարկում 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքն ու այդպես շարունակում է աղավաղել հայ ապագա սերունդների ազգային կրթությունը:
Վ. Պետրոսյանի խոսքով, եթե Հայաստանը լիներ ժողովրդավար երկիր, ապա նախարարը վերևից կիջներ ու կլսեր իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին։
«Քանի որ գտնվում ենք տոտալ բռնապետական իշխանության ներքո, այդ իսկ պատճառով նախարարը վերևից չի իջնում։ Բոլորի ներկայությամբ հրավիրում ենք՝ իջնի ներքև, բացատրենք, որ ինչ անում է գիտության, կրթության, մշակույթի բնագավառում, դրանով ինքը տանում է երկիրը դեպի կործանում։
Կործանում են հայ ժողովրդի տունը, հայրենիքն այնպես, ինչպես կործանեցին Արցախը։ Դրա համար պահանջում ենք իր հրաժարականը:
Եթե նախարարն ունենր մի քիչ ինքնասիրություն, երբ վարչապետը ձեռքը տալիս էր ցնցուղը ու ասում էր՝ տես, ինչ գին ունի, պետք է հրաժարական տար»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ միաժամանակ հավելելով, որ Ժաննա Անդրեասյանը հանգիստ չի հեռանալու, բայց նրա հրաժարականը դոմինոյի էֆեկտ է ունենալու՝ հրաժարական կտա ամբողջ կառավարությունը։
Վ. Պետրոսյանը նշեց, որ ապահով, անձեռնմխելի լինելու համար անհրաժեշտ է ունենալ հայրենասեր, հզոր սերունդ. «Մենք պետք է այդպիսի սերունդ դաստիարակենք։ Թշնամին, աշխարհը հզորների հետ է հաշվի նստում, թույլին շան տեղ էլ չեն դնում, թույլին՝ ֆուտբոլի գդակի պես տշում են։ Մենք չենք ուզում տշվել։
Եթե մարդ կա, որ ուզում է տշվի, այսօրվա իշխանությունն է, որը կատարում է ցռան Վերգոյի դերակատարումը մեր պատմության մեջ»։
Նա ասաց, որ իրեն քայլերը շատ կոնկրետ են, շարունակելու են իրենց իրազեկման ակցիաները, բանակցությունները տարբեր միավորումների հետ, հասնելու են նրան, որ դպրոցները, ուսուցիչները, տնօրենները միանան իրենց շարժմանը։