Գեղամ Ստեփանյան. ԱՄՆ այցի ուղերձն էր՝ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է
«ԱՄՆ մեր այցի ուղերձը հստակ էր. Մենք չենք համարում, որ Արցախի հարցը փակված է։ Չենք համարում, որ այլևս չպետք է խոսել Արցախի ժողովրդի մասին, չպետք է այլևս անդրադառնալ նրա իրավունքների պաշտպանությանը»,-Մեդիա կենտրոնում հայտարարեց Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Կենտրոնում նա և Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ամփոփեցին հունվարի 22-ից փետրվարի 9-ը ԱՄՆ կատարած իրենց այցի արդյունքները:
Նա ցավով փաստեց, որ տարածաշրջանային զարացումների ֆոնին անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը։
«Մեր խնդիրն էր թե ԱՄՆ-ում ապրող հայերին, թե ամերիկյան շրջանակներին հասցնել այս կարևոր ուղերձը և ներկայացնել այն մտահոգությունների շրջանակը, որ ունենք»,-ասաց նա։
Գեղամ Ստեփանյանը և Արտակ Բեգլարյանը, «120000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ, Վաշինգտոնում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
«Սա շատ կարևոր հարթակ էր մեզ համար՝ խոսելու Արցախում հոգևոր և պատմամշակութային ժառանգության սպառնացող վտանգի մասին։ Մենք ողջունել ենք, որ ԱՄՆ պետդեխի կողմից Ադրբեջանը ներառվել է հատուկ մշտադիտարկման երկրների ցանկում, միաժամանակ առաջարկել ու պահանջել ենք, որ վերահսկողական այս գործիքը մեկ աստիճանով բարձրացվի ու Ադրբեջանի նկատմամբ կիրառվի հատուկ մտահոգության պետություն գործիքը»,-ասաց Գ. Ստեփանյանը։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ՝ Արցախի ՄԻՊ-երը հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 60 կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ցեղասպանության մանրամասներն ու հետևանքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև հորդորելով Կոնգրեսին կիրառել գործնական մեխանիզմներ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով:
Ստեփանյանն ու Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, Լոս Անջելեսում մասնակցել են կազմակերպության 35-րդ տարեկան համաժողովին, հանդիպել համայնքային ու ակադեմիական որոշ շրջանակների հետ:
«Այս հանդիպումների ընթացքում քննարկել ենք Արցախի ժողովրդին պատճաշ միջազգային օգնության տրամադրումը, որը ցավոք սրտի, մինչև այսօր չենք տեսնում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան