ՌԴ-ն մտավախություն ունի՞, որ Հայաստանը կարող է ի վերջո դուրս գալ ՀԱՊԿ-ից. Գալուզինի պատասխանը
Ռուսաստանը ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք չի տեսնում Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Հարցին, թե ինչպես կազդի հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 13-ի միջադեպը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի քննարկման վրա, Գալուզինը նշել է. «Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ շփման գծում առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում եմ կրկնել, որ մենք երկու կողմերին կոչ ենք անում ցուցաբերել փոխադարձ զսպվածություն, որպեսզի միջադեպեր չառաջանան, առավել ևս գրանցվեն կրակոցներ, լինեն զոհեր և վիրավորներ։ Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու դրական մթնոլորտի ստեղծմանը։
Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբը, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված համատեղ քայլերի մթնոլորտին»։
Ինչ վերաբերում է հարցին, թե Ռուսաստանը մտավախություն ունի՞, որ Երևանն ի վերջո կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, Գալուզինը նշել է. «Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում մնալը և կազմակերպության շրջանակում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վերադառնալը, համապատասխանում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերին։ Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և բաց են մնում Երևանին օգնություն ցուցաբերելու համար։
Ժամանակին Հայաստանին առաջարկվել են և ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին։
Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը ընդհանուր տուն է։ Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։ Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտամետներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։
Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները և նրա արբանյակները Եվրամիության և ՆԱՏՕ-ից, կայունություն և կայուն խաղաղություն չի եղել: Եղել է միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում։ Օրինակները շատ են։
Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված չեն Հայաստանին օգնելու՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և կայուն խաղաղության և կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական մերձակայքում լարվածության ևս մեկ աղբյուր ստեղծելու հետ:
Մենք դեռ հույս ունենք, որ որքան շուտ Երևանը հաղթահարի իր կասկածները ՀԱՊԿ-ի հետ կապված և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումներին, այնքան լավ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը վարում է «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցություններով, հակառակ դեպքում՝ կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Փաշինյան
- Տարբերակ է ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին