ՍԱՏՄ-ն հայտնում է գետնանցումի սննդի կետի կասեցման մասին, բայց թաքցնում ռեստորանում գրանցված վարակի դեպքերը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարինա Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բարեկամության մետրոյի գետնանցում):
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
ՍԱՏՄ-ից մանրամասնում են, որ
- սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- չեն եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններ՝ տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներ, չորացման հիգիենիկ սարքեր,
- բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Այս ու այլ նման հաղորդագրություններն էլ ավելի ընդգծում են այդպես էլ պատասխան չստացած այն հարցի կարևորությունը, թե ինչու են ՀՎԿԱԿ-ը, ԱՆ-ն ու ՍԱՏՄ-ն լռել երևանի կենտրոնում գտնվող Ջուլիս ռեստորանում սնվելու հետևանքով սալմոնելայով վարակի մասին, որի հետևանքով 12 մարդ հոսպիտալացվել է տարբեր հիվանդանոցներ։ Չնայած վարակի հաստատաված փաստին, ռեստորանն օրեր շարունակ գործել է՝ պատճառ դառնալով վարակի նոր դեպքերի։