Հիմա բնակվում եմ Վարդաշենում․ Մալյանը՝ դատավորին
Դատախազությունը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի, Նարեկ Մալյանը «Չաուշեսկուների գործով» արդարացվել է։ Այսօրվա նիստում նախագահող դատավորը համառոտ ներկայացրեց դատական ակտը։
Մալյանի կենսագրական տվյալներն ընթերցելիս դատավորը հետաքրքրվեց՝ բնակվում եք Ամիրյան փողոցում։
«Արդեն Վարդաշենում»,-արձագանքեց Մալյանը՝ նկատի ունենալով, որ կալանավորված է ու գտնվում է ՔԿՀ-ում։
«Դատարանին հայտնի է այդ հանգամանքը»,-պատասխանեց դատավորը։
Դատական ակտը բողոքարկելու վերաբերյալ Մալյանը ծանուցում չէր ստացել, նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ ինքը ստացել է, չառարկեց, որ նիստը շարունակեն։
Առաջինը խոսքով հանդես եկավ հանրային մեղադրողը։
Մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ անձանց խմբի՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև վերջիններիս և Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ աշխարհայացքով և այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը:
Բացի այդ, Նարեկ Բորիսի Մալյանը, Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, անձանց խմբի՝ ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը: