Աճուրդի տունը հերքել է, որ Այվազովսկու «Լուսնային գիշեր» գլուխգործոցը գողացված է
Աճուրդային հոլդինգը (որը միավորում է Ռուսաստանի մի քանի խոշոր աճուրդի տներ ) հերքել է ուկրաինական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե Ռուսաստանը աճուրդում կվաճառի հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը, որն իբր անհետացել է Սիմֆերոպոլի արվեստի թանգարանից 2014 թվականին։ Հոլդինգն ընդգծել է, որ «Լուսնյակ գիշեր» անունով երկու կտավ կա, ինչի պատճառով էլ շփոթմունք է առաջացել։ Այս մասին գրում է «Իզվեստիան»։
«Հովհաննես Այվազովսկու կտավը, որը աճուրդի է հանվելու փետրվարի 18-ին, գնվել է 2008 թվականին Շվեդիայում՝ Stockholms Auktionsverk աճուրդում։ Աշխատանքը հետազոտվել է Պետական Ռուսական թանգարանում, ինչը հաստատված է համապատասխան փաստաթղթերով»,- ասվում է հաղորդագրությունում։
Նկարներից մեկում պատկերված են Կոստանդնուպոլսի տեսարանները, և այն կցուցադրվի փետրվարին Մոսկվայի աճուրդի տանը։
Երկրորդ նկարում, որը վերնագրված է «Լուսնյակ գիշեր», Այվազովսկին պատկերել է Սև ծովը Ղրիմի ափերի մոտ՝ Թեոդոսիայի շրջանում: Այս նկարը թվագրված է 1882 թ.։ Նկարը պահվում էր Սիմֆերոպոլի արվեստի թանգարանում։ 2014 թվականին Ուկրաինան հենց այդ կտավն է հայտարարել միջազգային հետախուզման մեջ: Այժմ նկարը պաշտոնապես գրանցված է Սիմֆերոպոլի պետական թանգարանի հավաքածուներում։
Կտավները Այվազովսկին նկարել է չորս տարվա տարբերությամբ, սակայն հեղինակը նրանց տվել է նույն անունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի աճուրդի տան կողմից փետրվարի 18-ին կազմակերպվող աճուրդում գլխավոր լոտը հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 1878 թվականին ստեղծած «Լուսնյակ գիշեր» կտավն է։ Փորձագետները հեղինակի հասուն շրջանի ստեղծագործությունը գնահատում են 100 միլիոն ռուբլի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին