«Արամ Խաչատրյան». լույս է տեսել անգլալեզու պատկերազարդ նոր ժողովածու
Լույս է տեսել «Արամ Խաչատրյան» անգլալեզու պատկերազարդ ժողովածուն: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հայտնում են, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակի կապակցությամբ հրատարակված այս ժողովածուն ամփոփում է աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքը, նրա ստեղծագործական գործունեությունը, շրջագայություններն ու համերգները, ինչպես նաև հանդիպումները մեծանուն մարդկանց հետ:
Այն գրված է առաջին դեմքով. Մաեստրոն ինքը իր խոսքերով է ներկայացնում իր կյանքի պատմությունը: Գրքում ընդգրկված են կոմպոզիտորի մտորումներն ու թևավոր խոսքերը, ասույթներ նրա մասին, արտերկրի երաժիշտների և մամուլի արձագանքները, հատվածներ նամակներից, ինչպես նաև բազմաթիվ լուսանկարներ, ազդագրեր, էսքիզներ և ձեռագիր նոտաներ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուից, որոնց մեծ մասը հրապարակվել է առաջին անգամ:
Ժողովածուն փաստական հարուստ նյութով, պատմագիտական ընդհանրացումներով հագեցած, պարզ ու գրավիչ լեզվով գրված անգլալեզու աշխատություն է: Այն ինչպես պրոֆեսիոնալ երաժիշտների, այնպես էլ երաժշտասեր ընթերցողների լայն շրջանակների համար է, որ նոր լույս է սփռում մեծ արվեստագետի կերպարի վրա:
Գրքում ներկայացված է նաև մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի օգնությամբ ընթերցողը հնարավորություն ունի ունկնդրելու Արամի Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործությունների էքսկլյուզիվ, արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ, ինչպես նաև հատվածներ եզակի տեսանյութերից և փաստագրական ֆիլմերից:
«Արամ Խաչատրյան» ժողովածուի ստեղծման գործում ունեցած մասնակցությամբ և լույսընծայմամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, ի դեմս տնօրեն Արմինե Գրիգորյանի և ֆոնդապահ Անահիտ Շահմանյանի, մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված հոբելյանական տարվա շրջանակներում ավարտին հասցրեց շատ կարևոր ևս մեկ նախաձեռնություն:
Ժողովածուն լույս է տեսել «Արմավ» հրատարակչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին